

Լոռու մարզի մի շարք գյուղերի դպրոցների ուսուցիչները տարբեր բնակավայրերից են և մեծ դժվարությամբ են հասնում դպրոց:
Լերմոնտովո գյուղի դպրոցի ուսուցիչներից միայն երեքն է ապրում գյուղում, մյուսները Վանաձորից են և Մարգահովիտ գյուղից:
Ուսուցչին տրանսպորտի ծախս չի տրվում: Տրանսպորտի դժվարություններից ելնելով այս ուսումնական տարում աշխատամնքից ազատվել է 2 ուսուցիչ: Բացի այդ դպրոցի մարզադահլիօը հիմնանորոգման կարիք ունի:
Հասարակական երթուղային տրանսպորտով, անձնական օգտագործման մեքենաներով և տաքսիներով ամեն առավոտ ուսուցիչները Վանաձորից և Մարգահովտից հասնում են Լերմոնտովոյի դպրոց: Տաք եղանակին տեղաշարժվելը հեշտ է, իսկ ձմռան ամիսներին կամ հորդառատ անձրևներին արդեն սկսվում են դժվարությունները: Ստացած աշխատավարձի մի մասը ծախսվում է ճանապարհի վրա: Լերմոնտովոյի դպրոցի տնօրենի կազմակերպչական գծով տեղակալ Նարինե Մաթևոսյանը 17 տարի շարունակ անցնում է Վանաձոր-Լերմոնտովո ճանապարհը:

,,Նախկինում տրանսպորտն ավելի լավ էր աշխատում, գյուղը երկու ավտոբուս ուներ, ժամը մեկ անգամ աշխատում էր, հիմա միայն մեկն է աշխատում: Ձմռան ամիսներին, իսկ այստեղ ձմեռն ավելի երկար է տևում, շատ ավելի ծանր է, որովհետև շատ հաճախ միջքաղաքային տրանսպորտ չի աշխատում, բայց մենք ստիպված ենք գալիս, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի,,:

Ճանապարհի դժվարություններից ելնելով այս ուսումնական տարում 2 ուսուցիչ ազատվել է աշխատանքից: Լերմոնտովոյում հիմա 3 ուսուցչի պակաս կա՝ մաթեմատիկա և ֆիզիկա, ֆիզկուլտուրա առարկաների ուսուցչի և ռուսերենով ուսուցման տարրական դասարանի դասվարի: Ուսուցիչների ճանապարհածախսը տարիներ առաջ որոշակի ժամանակահատվածում փոխհատուցվել է նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի միջնորդությամբ: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը հեռախոսազրույցում ասաց, որ Լերմոնտովոն ավելի մոտ է գտնվում Վանաձորին և ուսուցիչներին ճանապարհածախս չեն կարող տրամադրել:

Լերմոնտովո գյուղի դպրոցի ուսուցիչների համար ոռուսերենի իմացութունը պարտադիր է, քանի որ ռուսաբնակ գյուղում աշակերտների հիմնական մասը ռուսներ են: Դպրոցի տնօրեն Վահան Հովսեփյանը ուսուցչին ընդունելիս այս խնդրի առջև է կանգնում:

,,Մրցույթ ենք հայտարարել դեռ անցած տաևրվանից՝ աղջիկների տեխնոլոգիա, չկա եկող, որովհետև ռուսաց լեզվի իմացության խնդիր կա այստեղ, որովհետև չի կարող ռուսերենով ուսուցման դասարններում բացատրել: Եղել են դեպքեր մեզ մոտ էլ, Ֆիոլետովոյում էլ, երբ ուսուցիչը ռուսերենով չի կարողացել բացատրել, երեխաները չեն հասկացել ու բողոքել են,,:
Լերմոնտովոյի դպրոցում սովորում են նաև Անտառաշեն գյուղի երեխաները, որոնք դպրոց են գալիս հատկացված ավտոբուսով, իսկ մինչ այդ նրանք դպրոցի ճամփան հատել են ոտքով: Երեխաների տեղափոխման ճանապարհածախսը հոգում դպրոցը:

,,100 հազար դրամ փոխանցում եմ դպրոցից Անտառաշենի գյուղապետարան ուսումնական կես տարվա կտրվածքով երեխաների տեղափոխման ծախսերի համար, բայց այս տարի չեմ կարող,,- ասաց Վահան Հովսեփյանը:

Դպրոցի ռուսերենով ուսուցման դասարաններում աշակերտների թիվը գերակշռող է հայկական դասարաններում սովորողների թվից: Այդ պատճառով ձևավորվել են հայկական միացյալ երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարններ, յուրաքանչյուր դասարանում 5-10 երեխա:

,,Մենք շատ խնդիրներ ունենք, բայց հիմա ամենակարևորը մարզադահլիճի վերանորոգումն է,, -ասում է Լերմոնտովոյի դպրոցի տնօրեն Վահան Հովսեփյանը: Դպրոցի մարզադահլիճը խոնավությունից ու հնությունից կիսավերակ է դարձել ու վտանգավոր: Երեխաների մուտքն այստեղ արգելված է: Ֆիզկուլտուրայի դասերն անցկացնում են դրսում: Լերմոնտովոյում ձմեռը սկսվում է հոկտեմբերից մինչև ապրիլի վերջ: Դահլիճի վերանորոգման խնդրով դիմել են նաև դպրոց այցելած ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Դեսպանը տեսել և խոստացել է օգնել սակայն մինչև օրս պատասխան չկա:
Տարիներ առաջ պետական բյուջեի միջոցներով վերանորոգված դպրոցը ամեն կեպ ջանում են պահպանել, բայց պատերից վեր բարձրացող խոնավության դեմն առնել հնարավոր չէ:




