

ՀՀ ողջ տարածքը կրկին մտնում է նախընտրական շրջապտույտի մեջ: Այս անգամ պատրաստվում ենք նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին, որոնք ունենալու են մի քանի առանցքային նշանակություն:
Ամենակարեւորն այն է, որ այդ ժամկետը դիտվում է իբրեւ համայնքների խոշորացման վերջակետ: Այս ընտրություններն արդեն ուղեկցվում են որոշ ինտիգներով եւ խնդիրներով:
Նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու ՀՀ բոլոր մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արտաշատ, Շիրակամուտ եւ Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ:
Հենց այս ամենի արդյունքում ենք ունենալու 52 խոշորացված համայնք, որոնց մեջ ընդգրկված կլինի 465 նախկին համայնք: Որքան էլ զարմանալի է՝ քաղաքական ուժերի շրջանակներում այս ընտրությունների հանդեպ լուրջ հետաքրքրություն չկա:
Հիմնական պայքարը թերեւս ծավալվելու է հանրապետականների եւ «Ծառուկյան» դաշինքի միջեւ: Առաջիկա ընտրություններում մեծ շանսերի մասին խոսում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Թեկնածուների պակաս հանրապետականը չունի, ավելին՝ որոշ համայնքներում անգամ առաջադրվելու են մի քանի հանրապետական գործիչներ:
Այս դեպքում կուսակցությունը որդեգրելու է չեզոք դիրք եւ թեկնածուները ստիպված են լինելու պայքարել միմյանց դեմ: Ասել է, թե որոշ տարածքներում հանրապետականը պայքարելու է հանրապետականի դեմ:
Իսկ այն սակավաթիվ համայնքներում, որտեղ հանրապետականն իր թեկնածուն չի ունենա՝ կպաշտպանի անկուսակցականի կամ կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանը: Այսպիսով՝ ուրվագծվում է նաեւ ՀՅԴ մասնակցության ձեւաչափը:
Որոշակի ակտիվացում առաջիկա ընտրություններում սպասվում է նաեւ «Ծառուկյան» դաշինքի կողմից, թեեւ այս քաղաքական միավորը դեռ չի շտապում հրապարակել իր որոշումներն ու թեկնածուների ցուցակները:
Թեեւ սկզբնական որոշումներն արդեն կան, բազմաթիվ համայնքներում «Ծառուկյան» դաշինքն ունենալու է առաջադրված թեկնածուներ, բայց դրանք պետք է դեռ հաստատի դաշինքի առաջնորդը՝ ասում է ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Պատգամավորը չի դիտարկում, որ դուրս են գալիս պայքարի հիմնականում հանրապետական կուսակցության դեմ:
Այս ընտրությունների հիմնական ինտրիգը, սակայն, կապվում է Արտաշատի քաղաքապետի ընտրությունների հետ։ Այս հարցում որեւէ հստակեցում դաշինքից դեռեւս չեն անում, ասում են՝ հարցը քննարկման փուլում է:
Ասեկոսեների մակարդակով շատ երկար շրջանառվում էր լուրը, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ թոռան, «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրը առաջադրվելու է հենց Արտաշատի քաղաքապետի պաշտոնի համար:
Եթե դեպքերն այսպես զարգանա, սա թերեւս կնշանակի, որ Աբրահամյանները փորձում են իրենց դիրքերն ամուր պահել հարազատ տարածքում: Պատգամավոր Կարինե Պողոսյանը շտապում է պարզաբանումներ տալ այս հարցի առնչությամբ:
Թեեւ հարցի շուրջ նույնպես գաղտնիությունը պահպանվում է, բայց այսօր արդեն լուրեր տարածվեցին, թե ամենայն հավանականությամբ պատգամավորի եղբայրը Արտաշատի քաղաքապետի թեկնածու դառնալու փոխարեն կստանա Արգամ Աբրահամյանի օգնականի կարգավիճակը:
Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերին, ապա դրանք դեռեւս ակտիվություն չեն դրսեւորվում առաջիկա ՏԻՄ ընտրություններում։
Տեխնիկական հարցերի առումով նշենք, որ ՏԻՄ ընտրությունները՝ քվեարկության կազմակերպման առումով նման են լինելու այն ընտրակարգին, որը կիրառվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
Նոյեմբերի 5-ի ընտրությունների համար կառավարությունը հատկացրել է 22 մլն դրամ։ Մոտ 20 մլն ԿԸՀ- ին, մնացածը՝ ոստիկանությանը:




