

«Էժան PR-ով չենք զբաղվում, մեր գործն ենք անում»,- Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր, ամփոփելով աշխատանքային գործունեության մեկ տարին, ստվերից հարկային դաշտ բերած խոշոր տնտեսվարողների անուններ չի տվել:
Փոխարենը՝ անդրադարձել է «Մուլտի Գրուպ», «Քեթրին Գրուպ» ու մյուս խոշոր կազմակերպություններում իրականացվող հարկային ստուգումներին:
Սև ու սպիտակ դաշտ. վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանի՝ ստվերի բնորուշումն այսպիսի էր: Ավելին, նա մի քանի անգամ գործարարների հետ հանդիպեց ու անձամբ նրանցից լսեց խնդիրների մասին: Լսեց ու դիտարկումներ արեց:
Եվ ահա Պետական եկամուտների կոմիտեն նախագահի պաշտոնում Վարդան Հարությունյանի նշանակվելուց հետո սկսեց պայքարն ստվերի դեմ: Մոտ մեկ տարի է պայքարում են, խոստանում այն շարունակական դարձնել: Վերլուծություններ են կատարել ու պարզել՝ 2,8 միլիարդ դրամի ստվերի գնահատական ունեն:
ՊԵԿ ղեկավարի խոսքով, նախկինում այս թիվն ավելին է եղել, հետևողական աշխատել են ու արդյունքի հասել: Ստվերի դեմ պայքարում են, սակայն Պետական եկամուտների կոմիտեի նախագահը ստվերում աշխատող խոշոր գործարարների անուններ հրապարակելուց զերծ է մնում:
«Եթե ուզում եք որևէ գործարարի մասին տեղեկատվություն լսել, ասեմ, որ ինչպես նախորդ ասուլիսին, այնպես էլ այս անգամ չեք լսելու: Մենք մեր գործն ենք անում և էժան PR-ով չենք զբաղվում»:
Վարդան Հարությունյանը անուններ չի հրապարակում, «Մուլտի Գրուպ», «Քեթրին» ու մյուս խոշոր կազմակերպություններում իրականցավղո հարկային ստուգումների մասին պարզաբանումներ տալիս է՝ դեռ նախորդ տարեվերջից է համակարգիչն ընտրել ռիսկային ընկերություններին ու հարկային ստուգումներ սկսել.
Ստվերի կրճատման ու վարչարարության արդյունքում ամեն ամիս հարկային եկամուտների հավաքագրումն ավելանում է՝ պաշտոնական վիճակագրությամբ այս տարվա առաջին ինն ամիսներին՝ նախորդի համեմատությամբ, 9,4 տոկոսով են ավելացել: Ստվերի դեմ պայքարում ու ընդհանրապես համակարգում դրական միտումներ տեսնում է ԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ ստվերի դեմ պայքարի արդյունքում պետք է հարկային մուտքերը ավելանային։ Միաժամանակ նկատում է՝ հարկային եկամուտների աճը համարժեք է տնտեսության աճին և ոչ թե ստվերի դեմ պայքարի արդյունք է:
«Ստվերի մակարդակը Հայաստանում այնքան է, որ պայքարի արդյունքում հարկային մուտքերի զգալի՝ 10-15 տոկոս աճ հնարավոր է նկատել»:
Տնտեսագետը նշում է, որ իրականացվող քաղաքականությունն ավելի շատ փոքր բիզնեսի մոտ առկա ստվերի վերացումն է: Այստեղ էլ այն մեծ տոկոս է կազմում, սակայն բյուջեի վրա այն էական ազդեցություն չի թողնում:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը հարկային եկամուտների կառուցվածքում վերլուծել է հարկատեսակները: «Ռադիոլուրի» զրուցակիցն ընդգծում է.
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների համար վճարվող աքցիզային հարկի բարձրացմամբ է պայմանավորում հարկատեսակի ավելացումը: Շահութահարկի նվազումն արդեն տնտեսության ու ստվերի հիմնական խնդրի մասին է վկայում՝ ասում է.
Տնտեսագետն ամփոփում է՝ հարկային օրենսդրությունը բարենպաստ չէ, ուստի ամբողջ մեղքը ստվերի վրա գցելն էլ ճիշտ չէ: Ընդգծում է՝ տնտեսվարողները նման հարկային օրենսդրության պայմաններում աշխատելով՝ չեն կարողանում շահութաբերություն ապահովել:




