
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հրապարակային հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ականազերծումը «հնարավորինս շուտ» ավարտելուն ԱՄՆ-ի աջակցության վերաբերյալ:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Թիլերսոնը նաև վերահաստատել է Պետքարտուղարության աջակցությունը կոնգրեսականներ Էդ Ռոյսի (հանրապետական) և Էլիոթ Ինգըլի (դեմոկրատ) հեղինակած առաջարկներին, որոնք կոչ են անում ղարաբաղյան շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, այնտեղ մեծացնել դիտորդների թիվը, հրադադարի խախտումները հայտնաբերող համակարգեր տեղադրել:

Թիլերսոնն այսպիսով արձագանքել է Բրեդ Շերմանի և Դեյվիդ Սիսըլինիի հարցերին, որ դեմոկրատ կոնգրեսականները պետքարտուղարին էին ուղղել հունիսին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նրա գրավոր պատասխանները հասանելի են դարձել այս շաբաթ:
Վերահաստատելով, որ մարդասիրական ականազերծման աշխատանքները շարունակում են մնալ ԱՄՆ-ի առաջնահերթությունը՝ Ղարաբաղին աջակցության տրամադրման տեսանկյունից, պետքարտուղարը հաստատել է, որ ավելի քան 45 միլիոն դոլար է տրամադրվել ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժածներին:
Պետքարտուղարությունը աջակցում է շփման գծից ու հայ-ադրբեջանական սահմանից դիպուկահարների հետքաշման, ԵԱՀԿ-ի հետաքննող մեխանիզմների և դիտարկման մեխանիզմների ներդրման առաջարկությանը, ասված է Թիլերսոնի պատասխանում:




