Էլեկտրոնային եղանակով ընտրություններում առաջատարը Սերժ Սարգսյանն է
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
ԿԸՀ-ի արտահերթ նիստում ամփոփվեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները և հրապարակվեց դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունը: Ներկայացնելով քվեարկության այս կարգի հետ կապված օրենքի պահանջներն ու ամփոփելով արդյունքները` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված 243 ընտրողից 218ը քվեարկել են Սերժ Սարգսյանի օգտին, 2 ընտրող իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 քվե տրվել է Արման Մելիքյանի օգտին, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Մյուս թեկնածուների օգտին ոչ մի քվե չի տրվել:
Հիշեցնենք, որ նախագահի այսօրվա ընտրություններին Էլեկտրոնային եղանակով քվեարկել են ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:
Այս եղանակով քվեարկությունն սկսվել էր փետրվարի 9-ին` Երևանի ժամանակով ժամը 8-ից: Այն տևել էր 5 օր եւ ավարտվել փետրվարի 13-ին` Երևանի ժամանակով ժամը 20- ին:
Հիշեցնենք նաեւ, որ էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 243 ընտրողներին դեռևս նախորդ տարեվերջին ԱԳՆ-ի միջոցով փոխանցվել են համապատասխան անհատական ծածկագրեր և էլեկտրոնային քվեարկության ուղեցույց պարունակող ծրարները: Նրանք քվեարկել են համացանցով` ՀՀ ԿԸՀ-ի կայքում` էլեկտրոնային քվեարկությունն ապահովող ծրագրի միջոցով: