ԿարևորՀասարակություն

Երեւանում նոր հրդեհը՝ մտահոգիչ վիճակագրության նոր ցուցանիշ


Երևանի Ազատության պողոտա 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում այսօր բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է քիմիական նյութերի պահեստը:

Հրդեհի բարձր, դառը եւ հեղձուցիչ ծուխն առավոտյան ժամը 10-ից զգալի ու տեսանելի է եղել հարակից ողջ թաղամասում: Տեղում աշխատող փրկարարներն ու շտապօգնության մասնագետները անցորդներին հորդորել են հեռու մնալ ծխի օջախից, քանի որ այրվող քիմիական նյութերից կարող է թունավորում առաջանալ:

Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ հրդեհն արագ մեկուսացվել եւ մարվել է, սակայն բնակիչները մտահոգություն ունեն՝ որքանով է վտանգավոր հրդեհի ծուխն ու քիմիական նյութերի այրման հետեւանքով արտանետումները:

Այս ու, առհասարակ, Երեւանում օդի աղտոտվածության մտահոգության հետքերով գնացել է  «Ռադիոլուր»-ը:

 

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում աշխատանքային օրն սկսվել էր սովորականի պես, ընդհատվել ընդամենը մոտ մեկ ժամ հետո: Ժամը 10-ին մոտ հրդեհ էր բռնկվել քիմիական լաբորատոր նյութերի պահեստում: Լաբորատորիայի շուրջ 30, իսկ կենտրոնի շուրջ 300 աշխատակիցներն անմիջապես տարհանվել էին:

Տարհանվել էին նաեւ հարակից ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները: 20-30 անուն քիմիական նյութերի պահեստի հրդեհի պատճառը դեռ պետք է պարզվի ու պարզվի անպայման՝ հետագայում նման դեպքերից խուսափելու համար՝ պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին՝ տեղեկացրեց գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը:

Այժմ տարածքը վերահսկվում է, որ հանկարծ նոր օջախներ չառաջանան: Հրդեհից առաջացած ծուխը, որը շատ բարձր էր, դառն ու հեղձուցիչ, որքանո՞վ է վտանգավոր, ու քիմիական նյութերի այրման հետեւանքով առողջական ինչ ռիսկեր կան հարակից շենքերի բնակիչների համար՝ հետաքրքրվեցի: Լսենք մասնագետին:

ԱԻՆ փրկարար ծառայության տեխնածին վթարների բաժնի պետ գնդապես Կարապետ Կարապետյանի տեղեկացմամբ՝ լաբորատորիայի պահեստի նկուղում, որտեղից եւ սկսվել է հրդեհը, եղել են տարաբնույթ քիմիական նյութեր, ռեակտիվներ: Կոնկրետ որն է սկսել վառվել, պարզ չէ:

Ծուխը քիմիական է՝ կծու, դրա հետեւանքով քիմիական այլ նյութեր են արտանետվել: Կարապետյանը եւս վստահեցնում է, որ առանձնակի ռիսկեր չկան. Ծխահարման աղբյուրը փոքր է, եւ ժամանակին հաջողվել է մարել կրակն ու ցրել ծուխը: Պատուհանները փակելու, տանից դուրս չգալու հորդորների կարիք չկա, խուճապի՝ եւս:

«Վտանգավոր չէ, ծխահարման աղբյուրը փոքր է, 50 մետր հեռավորության վրա կոնցենտրացիա չկա, տարածության մեջ ցրվում է, հակառակ դեպքում հարակից բնակչությանը կտարհանեինք»,-ասաց նա:

Շատ արագ հրդեհաշիջում կատարվեց, հրդեհի տարածման վտանգ չկա, այն ամբողջությամբ մեկուսացված է՝  տեղեկացրեց ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը: Զրուցակիցս վստահ է՝ շրջակա միջավայրի համար վնաս չի կարող լինել, քանի որ մոտակայքում բնակելի տներ, շենքեր չկան՝ հեռու են: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Վտանգը ետեւում է: Քիմիկոսներն աշխատում են՝ հետազոտում: Վերջին շրջանում շարունակ պատուհասող հրդեհները եւ տեխնածին խնդիրները արդյոք մտահոգիչ վիճակագրության հիմք չեն. Հետաքրքրվեց «Ռադիոլուրը»: ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյան:

« Իհարկե՝ այս տարի հրդեհներն ավելի շատ են, քանի որ հրդեհավտանգության աստիճանն է բարձր, օդի ջերմաստիճանն է շատ բարձր: Սակայն տեսնում եք, որ մեր հրշեջները կարողանում են արագ արձագանքել եւ, փառք Աստծո, դեմն առնել»:

Այս տարվա եւ անտառային հրդեհները, եւ Նաիրիտի հրդեհը համընկել են ուժեղ շոգերի հետ, իր հերթին նկատում է ԱԻՆ փրկարար ծառայության տեխնածին վթարների բաժնի պետ գնդապետ Կարապետ Կարապետյանը:

Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն»-ում այսօրվա հրդեհի մասին տեղյակ չեն, ու, բնականաբար, դրա ազդեցությունը օդի ազտոտվածության վրա գնահատել չեն կարող: Այստեղից տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը մեզ հորդորեց հետեւել իրենց ամենամսյա դիտարկումների էլեկտրոնային տվյալներին:

Իսկ կայքում վերջին տվյալները միայն մայիս ամսվա են, ու դրանց համաձայն՝ Երևան քաղաքում կատարվում են ընդհանուր փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի և գետնամերձ օզոնի դիտարկումներ: Մայիսին որոշված միացությունների միջին ամսական կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան սահմանված թույլատրելի կոնցենտրացիան:

Եւ համատարած շինարարության, ավտոմեքենաների թվի ավելացման և կանաչ տարածքների կրճատման պայմաններում ` Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելիի սահմաններում դիտարկելը կարելի , թերեւս, պարզապես բարի ցանկություն համարել:

Կարդացեք նաև

Back to top button