Հասարակություն

Հայկական ֆենոմեն. ինչո՞ւ է բարձրացել բենզինի գինը


Վերջին մեկ շաբաթում բենզինի գինը կրկին բարձրացավ՝ հասնելով 400 դրամի։ Բենզինը լայն սպառման ապրանք է, նաև այլ ապրանքների համար գնագոյացում առաջացնող ապրանքատեսակ, հետեւաբար այն անհանգստացնում է շատերին:

Մեր գործընկերն է գնացել այս հերթական թանկացման հետեւից՝ փորձելով պարզել, թե ինչու է թանկացել բենզինը, այն արտաքի՞ն, թե ներքին գործոնների ազդեցությամբ է տեղի ունեցել, և արդյոք այդ թանկացումը հիմնավորված ու արդարացված է:

Որոշ գնահատականներով՝ բենզինի վերջին թանկացումը խոշոր ներկրողների ներքին համաձայնության արդյունք է: ՏՄՊՊՀ-ը, սակայն, առայժմ չի շտապում գնահատականներ տալ եւ սկսել է ուսումնասիրություն անցկացնել:

 

Բենզին ներկրող եւ վաճառքն իրականացնող հիմնական խոշոր ընկերությունների գրասենյակներից մեզ խոստացան պարզաբանում տալ առաջիկա օրերին: Օրինակ «Ֆլեշ» եւ «ՍիՓիԷս Օիլ քորփորեյշն» ՍՊԸ-երի գրասենյակներից ասացին, որ պատասխանատու անձիք բացակայում են, կլինեն առաջիկա երկու օրերին եւ սիրով կարձագանքեն մեր հարցադրումներին:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ՝ բենզինի կրկին թանկացումն ընդամենը հայաստանյան տարօրինակությունների արդյունք է, քանի որ, նրա ձեւակերպմամբ, այլ բացատրություն չի կարող լինել:

Թեպետ համաշխարհային շուկայում անցած շաբաթ բենզինի գները բարձրացան, բայց այս շաբաթ արդեն սկսում են նվազել՝ նկատեց տնտեսագետը, ապա հավելեց:

Բենզինի շուկայում գների փոփոխություն արձանագրել է նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Բենզինի գինը օգոստոս ամսվա վերջին բարձրացել է 10 դրամով, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ եւս 10-ով:  Այսպիսով՝ բենզինի գները, ըստ հանձնաժողովի, վերջին երկու ամսում բարձրացել են 20 դրամով: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, սակայն, չի շտապում գնահատականներ տալ:


Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր մեզ հետ զրույցում փոխանցեց, որ այս պահին ուսումնասիրություններ են իրականացնում՝ պարզելու, թե որքանով են այդ գնային փոփոխությունները պայմանավորված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ  գործոններով:

Վահագն Խաչատրյանի գնահատմամբ, մինչդեռ, հանձնաժողովը երբեւիցե չի կարողանում կանխել նման մոնոպոլ պայմանավորվածություններն ու շուկայում ինչ-որ կարգավորումներ մտցնել:

Հակադարձելով նման գնահատականներին՝ Արտակ Շաբոյանը նախ միանգամայն բացառեց մոնոպոլ պայմանավորվածությունների հնարավորությունը:

Կոնկրետ վերջին թանկացումների հետ կապված հստակ գնահատականներ հանձնաժողովը կտա, երբ համապատասխան տեղեկատվություններն ստանա բենզին ներմուծող ընկերություններից եւ մաքսային մարմիններից ու ամփոփում կատարի՝ ասաց Արտակ Շաբոյանը:

Նա անհեթեթ համարեց հանձնաժողովին ուղղված դանդաղ գործելու մեղադրանքը, քանի որ լուրջ ուսումնասիրությունները ժամանակ են պահանջում, որովհետեւ՝ խնդիր բացահայտելու դեպքում տնտեսվարողը պատասխանատվության է ենթարկվում:

Անդրադառնալով այն կարծիքներին, թե հանձնաժողովի առջեւ կան փակ դռներ՝ իր լիազորություններն իրականացնելիս, ինչպիսին, օրինակ, բենզինի շուկան է՝ պայմանավորված սեփականատերերի ազդեցությամբ, Արտակ Շաբոյանը հակադարձեց, թե՝ տարիների ընթացքում հանձնաժողովն ապացուցել է, որ դրսեւորում է համահավասար մոտեցում. խոշոր ընկերություններ նույնպես հայտնվել են հանձնաժողովի տեսադաշտում եւ այդպիսի կոնկրետ առանձին ընկերությունների նկատմամբ նույնպես խոշոր տուգանքներ են կիրառվել:

Եթե կան մասնագետներ, որոնք կարծում են, թե կա որեւէ խնդիր, ապա մենք բոլորին հրավիրում ենք բաց, ազատ քննարկումների: Պատրաստ ենք մեր ուսումնասիրություններով կիսվել ցանկացած մասնագետի հետ՝ եզրափակեց ՏՄՊՊՀ-ի նախագահը:

Կարդացեք նաև

Back to top button