Քաղաքական

Հայաստանն ակնկալում է ԼՂ խնդրի կարգավորման հարցում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը․ Արա Բաբլոյան

Վրաստանի հպարտանում է հայ համայնքի ներկայացուցիչներով ու նրանց ստեղծած հարստությամբ։ Հայաստանի ԱԺ-ի նախագահ Արա Բաբլոյանի խոսքով այս միտքն են արտահայտել Վրաստանի ղեկավարները հայկական պատվիրակության հետ հանդիպումներում։ 

 

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդևան Գրիգորյանը և Լենա Նազարյանը, սեպտեմբերի 25-ին հանդիպել է Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին բարձր մակարդակով ընդունելության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցեր: Արա Բաբլոյանը, Վրաստանի Նախագահին ներկայացնելով հայ-վրացական խորհրդարանական աշխատանքների ուղղությունները, մասնավորապես նշել է, որ Հայաստանի խորհրդարանում ձևավորվել է Հայաստան-Վրաստան բարեկամական խումբ՝ Ազգային ժողովի փոխնախագահի գլխավորությամբ, որը պատրաստ է ակտիվ ու բազմակողմանի աշխատանքի: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովը պատրաստ է իր լիազորությունների սահմաններում անել ամենը հայ-վրացական հարաբերություններն առավել խորացնելու համար:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մասնավորապես նշել է.

«Հայաստանը մեծապես արժևորում է Վրաստանի դերակատարությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցերում և ակնկալում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Մեր պատկերացմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, լինելով մարդու իրավունքների խնդիր, կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով»:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը լուրջ վտանգ է տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը Վրաստանում տեղի ունեցած հրդեհների ժամանակ աջակցելու համար, ափսոսանք է հայտնել, որ այդպիսի աղետներ են եղել նաև Հայաստանում:

Խոսելով վրաց-հայկական դիվանագիտական հարաբերություններից՝ Վրաստանի Նախագահը մասնավորապես նշել է, որ արդեն 25 տարի երկու երկրների հարաբերություններում առաջընթացն ակնհայտ է, և Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ քննարկելու ցանկացած հարց և առավել զարգացնելու երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում: Վրաստանի Նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Վրաստանի օրենսդիր մարմինների միջև առկա խորհրդարանական դիվանագիտական համագործակցության զարգացումից: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Վրաստանի Նախագահը մասնավորապես նշել է. «Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար: Մի բան հաստատ է, որ մեր՝ փոքր ազգերիս համար այդպիսի հակամարտությունները կարող են լինել կործանարար: Մենք աղոթում ենք տարածաշրջանի խաղաղության համար»:

Նույն օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Կարդացեք նաև

Back to top button