
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Գորիսի 3-րդ դպրոցից հոսպիտալացված 13 աշակերտ շարունակում է բուժում ստանալ՝ «Ռադիոլուր»-ին հայտնեց Գորիսի բժշկական կենտրոնի մանկական բաժամունքի վարիչ Սեդա Անտոնյանը:
Մոտ 10 օր առաջ հայտնի դարձավ, որ Գորիսի 3 հիմնական դպրոցում սննդային թունավորման դեպք է գրանցվել, որի հետևանքով 1-4-րդ դասարանի 35 աշակերտներ հայտնվել են հիվանդանոցում:

Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Հարությունյանի խոսքով երեխաների վիճակն այժմ բավարար է: «Քիչ քիչ դուրս են գրվում»:
Երեխաների մոտ աղիքային ինֆեկցիան առաջացել էր դպրոցական սննդից՝ աղցանից ու կարտոֆիլի խյուսից, որի մեջ հայտնաբերվել է դեզինտերիայի՝ «Շիգելա Զոնե» հարուցիչը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նունե Բակունցի փոխանցմամբ՝ դեպքի արձանագրման առաջին իսկ օրվանից իրենք կատարել են հակահամաճարակային միջոցառումներ դեպքի կրկնությունը կանխելու համար:
Ինչպե՞ս կարելի է դպրոցական սննդից վարակվել դեզինտերիայով, ո՞ւմ բացթողման արդյունքում են այսքան երեխա՝ նույն ախտանիշներով՝ լուծ, ջերմություն, փսխում մեկ շաբաթ հիվանդանոցում գտնվում:

Սննդի անվտանգության պետական ծառայության Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանն ասաց, որ «Շիգելա Զոնե» հարուցիչը հանդիսանում է սննդային թունավորում։ Առավել լավ այդ շիգելաները զարգանում են կաթնամթերքում, մրգերում, հատապտուղներում և բանջարեղենում։
Չվարակվելու համար, փոխանցեց Ավետիսյանը, պետք է պահպանել հիգիենայի կանոնները, վերահսկել մանկապարտեզների, դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանները, հնարավորինս թույլ չտալ միջատների ներթափանցումը խոհանոցներ, թույլ չտալ, որ հիվանդ աշխատակազմը գործ ունենա սննդի հետ:
Հարցին, թե ով է կատարվածի իրական պատասխանատուն Ավետիսյանը ասաց.
«ՍԱՊԾ-ն է, որ վերահսկողություն չի արել»:
Հարցի պարզաբանում փորձեցինք ստանալ ՍԱՊԾ-ից։ Ասացին՝ կպատասխանեն երկուշաբթի:

«ՍԱՊԾ-ն է, որ վերահսկողություն չի արել»:


