

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայոց մեծ եղեռնից 101 տարի անց Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդից պահանջում է այն հաշիվը, որի մասին մեկ դար առաջ Թալեաթին ասել է հայազգի մեկ այլ պատգամավոր, փաստաբան, գրող Գրիգոր Զոհրապը. «Օր մը ձեզմե հաշիվ պիտի պահանջվե, որու տակեն չի պիտի կրնաք դուրս ելլել։ -Եվ ո՞վ պիտի պահանջե սա հաշիվը՝- քմծիծաղով ասել էր Թալեաթը»: Թուրքիայի ամենաբարձր ամբիոնից պահանջատիրության հարց բարձրացնողն այսօր Կարո Փալյանն է, սակայն ճանաչում ակնկալում է միայն ժողովրդավարական Թուրքիայից: Նա Հայաստանում է վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Սփյուռքի նախարարության հրավերով, մասնակցել է Հայաստան-Սփյուռք համաժողովին, անկախության 26- ամյակի միջոցառումներին: «Ռադիոլուրը» լսել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորի դիտարկումները:
Կարո Փալյանի տատիկը մահացել է առանց արդարության զգացումն ապրելու, իսկ Փալյանի հայրը, ով, ըստ պատգամավորի, կարծել է, որ պիտի արդարությունը «օր մը» վերկանգնվի, կյանքից հեռացել է ցեղասպանության ճանաչման հարցի պահանջը թողնելով երրորդ եւ չորրորդ սերունդներին: Վերլուծելով ներկայիս Թուրքիայի ղեկավարների անհավասարակշիռ ու մոլեռադ քաղաքականությունը՝ Կարո Փայլանը իր եւ համախոների պահանջն է համարում ՝ պատասխանատվություն վերցնել Թուրքիայում ժողովրդավարության հաստատման գործում, քանի որ միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել հայ-թուրքական սահմանները, խոսել ցեղասպանության ճանաչման մասին: Այդ կամուրջի կառուցման քարն է ուզում դնել Կարո Փայլանը:
«Ամենամութ ձմեռվա մեջ պետք է մենք՝ ժողովրդավարներս, գտնենք ճամփա, պետք է ջանք թափել: Ժողովրդավարությունը Թուրքիայում անկում է ապրում։ Հայաստանն ավելի ինքնավստահ է հիմա, երբ ասում է, որ եթե այսպես չլինի, կանի որոշ գործողություններ: Երկխոսության դուռը պետք է բացել, և ես փորձելու եմ այդ ուղղությամբ ջանքեր գործադրել: Երբ Թուրքիա վերադառնամ, նախարարների հետ պետք է խոսեմ, դուռը քիչ մը բանալու համար պետք է ջանամ»:
Հայազգի պատգամավորը հիշատակեց, որ հիմա, փաստորեն, Թուրքիայի խորհրդարանում չի թույլատրվում «ցեղասպանություն» բառն օգտագործել: Սակայն բառն օգտագործելը կարևոր չէ, որովհետև մենք Մեծ եղեռն ապրեցինք, մենք պետք է ճամփա գտնենք եւ Թուրքիայի մեջ խոսենք, թե ինչ եղավ 1915 թվականին: Եթե ցեղասպանությունն անպատիժ է, այն, դժբախտաբար, շարունակվելու է՝ ասում է Փայլանը: Պատգամավորն այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ փորձելու է ջանքեր գործադրել հայ-թուրքական երկխոսության վերսկսման ուղղությամբ: Փայլանը թե’ Թուրքիայի, թե’ Հայաստանի համար վնաս է համարում հարաբերությունների սառած վիճակը, ու պատրաստվում է ջանքեր գործադրել երկուստեք կապերի բարելավվման հարցում՝ հանդիսանալով կապող կամուրջ:
«Այսօր անհրաժեշտ է մաքուր թուղթ երկխոսության համար, որի դուռը փակ է»:
Այժմ ներհամայնքային խնդիրների մասին, մասնավորապես պատրիարքարանում տեղի ունեցող զարգացումների: Փայլանը Թուրքիայի քաղաքական վատ պայմաններով է նաեւ պայմանավորում հովվապետի ընտրության հարցում ձգձգվող գործընթացը, քանի որ պետությունը անձի ընտրման հարցում ունի իր շահերը եւ հեռանկարները:
«Սրա համար մենք կարիք ունենք ընտրված պատրիարքի, բայց, դժբախտաբար, վերջին տարիներին ազգայնական քաղաքականությունը բարձրանում է: Այս պայմաններում պետությունն ասում է՝ իմ ուզած պատրիարքը պետք է լինի: Նման խնդիր կա: Ունենք 5-6 թեկնածու: Մենք էլ ուզում ենք, որ, անշուշտ, մեր ժողովրդի համար ով լավ լինի, նա ընտրվի: Այդ պատրիարքը պետք է բոլոր հայերիս պատրիարքը լինի»:
Ներհամայնքային համերշխության համար պատգամավորը պատրաստ է ջանքեր է թափելու, որ այդ ընտրությունն օր առաջ լինի:




