ԿարևորՀասարակություն

Անկախ Հայաստանը 26 տարեկան է


Ուղիղ 26 տարի առաջ այս օրը Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրեցին` անկախությունն ընտրելով որպես ﬕակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի: «Ռադիոլուրը» ներկայացնում է փոքրիկ պատմական անդրադարձը այդ շրջադարձային իրադարձությանը:

Ազատ ու անկախ երկիր ունենալը յուրաքանչյուր հայի երազանքն է եղել դարեր շարունակ: 26 տարի առաջ եկավ ժամանակը հերթական փորձն անելու ու թաքուն երազանքն աստիճանաբար վերածելու բարձրաձայն երազանքի:

1991 թ. վաղ գարնանը Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը վերջին փորձն էր անում՝ փրկելու կայսրության անխուսափելի վախճանը: Մարտի 17-ին անցկացվեց Խորհրդային Միությունը պահպանելու հանրաքվե: Հայաստանը, սակայն, հինգ այլ հանրապետությունների հետ՝ բոյկոտեց այն: Մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մերժեց հանրաքվեի անցկացումը երկրի տարածքում և որոշում ընդունեց վեց ամիս հետո անցկացնել անկախության ի´ր հանրաքվեն: Միանշանակ էր, որ անկախություն ունենալու երազանքը յուրաքանչյուրինն էր, առավել եւս, երբ ուրիշի լծի տակ ապրելը լցնում էր համբերության բաժակը, իսկ հարեւան Ադրբեջանում նույն խորհրդային զորքն առանց խղճմտանքի սպանում մեր հայրենակիցներին: Ահա այդպիսի պայմաններում անկախությունը երազանքից վերածվեց ժամանակի հրամայականի:

1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ ﬕայն իր անկախ պետությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլև նրա երկու հատվածների՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ﬕավորման փաստացի իրողությանը իրավական տեսք տալու փորձ։

Արամ Մանուկյանի ընթերցած հռչակագիրը բաղկացած էր 12 կետից: Այն դարձավ նորօրյա պատմության սկիզբը: Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից երկիրը վերածվեց Հայաստանի Հանրապետության՝ սեփական դրոշով, զինանշանով եւ օրհներգով:

Հիմք ընդունելով անկախության հռչակագիրը՝ ԳԽ-ը որոշեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել անկախության հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախանալու նպատակով:

Հանուն լիակատար ազատության՝ Հայաստանն ունեցավ բազմաթիվ նվաճումներ ու ցավալի կորուստներ: Ամենամեծ նվաճումը ինքնին անկախ պետականության հռչակումն էր:

Այլեւս իրականություն էր անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։ 1991 թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ։

1991 թ. վերջերից Հայաստանի Հանրապետությունը սկսեց միջազգային ճանաչում գտնել: 1991թ. դեկտեմբերին ՀՀ-ն ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան եւ այլ պետություններ: 1991 թ. դեկտեմբերին ՀՀ անկախությունը ճանաչեց նաեւ Թուրքիան, որը, սակայն, հրաժարվեց հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ դրա համար առաջադրելով մի շարք անընդունելի նախապայմաններ: 1992 թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, այնուհետեւ անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների:

Այսպիսով, 1991 թ.՝ ազգային ժողովրդավարական շարժումով ոտքի կանգնած եւ անկախության ուղին բռնած հայ ժողովուրդն ու երկիրը, ծանր փորձություններ անցնելով, հռչակեց իր անգնահատելի անկախ պետականությունը, որն արդեն 26 տարեկան է։

 

Կարդացեք նաև

Back to top button