Հասարակություն

Գարո Փայլանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այսօր Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ամբիոնի ուսանողները հնարավորություն ստացան լսելու եւ հարցեր ուղղելու Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին: Հարցուպատասխանից հետո ուսանողները հերթ էին կանգնել Փայլանի հետ սելֆի անելու համար:

Փայլանը շատ անմիջական էր և սիրով պատասխանեց հնչած բոլոր հարցերին: Փայլանը շատ ոգևորված էր: Առաջարկում եմ լսել, թե ինչպես է սկսել իր խոսքը հայազգի պատգամավորը:

Հանդիպման ընթացում ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղել Փայլանին: Արդյո՞ք մոտ է այն օրը, որ Արարատի գլխին հայկական դրոշը կծածանվի: Փայլանն ասաց, որ ամենակարևոր ճանապարհը ժողովրդավարական Թուրքիա ու ժողովրդավարական Հայաստան ունենալն է աշխարհում:  Նրա խոսքով՝ 25 տարուց ավելի է՝ հայ-թուրքական սահմանը փակ է, և քանի դեռ Թուրքիան ղեկավարում են ազգայնականները, ապա ոչինչ չի փոխվի:

Հարցեր եղան նաև Թուրքիայի ներքաղաքական կյանքին վերաբերող, Փայլանն ասաց, որ հանրաքվեում քիչ տարբերությամբ հաստատվել է Էրդողանի դիկտատուրան, սակայն ոչ բոլոր թուրքերն են, որ կողմն են այդ արդյունքներին: Ինքն ունի թուրք մի շարք առաջադեմ, ժողովրդավարական ու արդար ընկերներ: Դրսում թվում է, թե Թուրքիայում ամեն ինչ հաջող է, ժողովուրդն աջակցում է Էրդողանին։ Սրա պատճառն այն է, որ երկրում չկա ազատ մամուլ՝ իրական պատկերը ներկայացնելու համար։ Իրականում դժգոհությունները շատ են։

Անդրադառնալով մայրենի լեզվի իմացությանը, Գարո Փայլանն ասաց, որ տատիկները գերազանց են իմացել հայերեն, սակայն ծնողները՝ ոչ, իսկ ինքը հայերեն առաջին տառերին ծանոթացել է մանկապարտեզում:
Հանդիպումից հետո Գարո Փայլանը պարգեւատրվեց Երևանի պետական համալսարանի Ոսկե մեդալով:

Կարդացեք նաև

Back to top button