

Ուսումնական տարվա նախաշեմին շատ ծնողներ փաստի առաջ կանգնեցին: Մանկապարտեզ ընդունում էին 3 տարին լրացած երեխաներին: Քաղաքապետարանի պարզաբանումն էլ ավելի զայրացրեց առանց այն էլ վրդովված ծնողներին: Քաղաքապետարանի արձագանքն անտարբեր չթողեց նաև Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանին: Ի պատասխան՝ Բախշյանը օրենքից մեջբերումներ է կատարել: Ըստ այդմ՝ ՀՀ-ում նախադպրոցական տարիքը սահմանված է 0-6 տարեկան, այդ երեխաների հաշվառումը, այսինքն՝ ըստ տարիքի հերթագրումը, քաղաքապետարանի աշխատակազմի պարտավորությունն է ու քաղաքապետարանի աշխատակազմն իրավունք չունի օրենքով իր վրա դրված լիազորությունները կամայականորեն շրջանցել կամ չիրականացնել:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության, հերթագրման հետ կապված ծնողների կողմից վերջին օրերի բողոքները լայն տարածում ստացան նաև համացանցում: Բանն այն է, որ նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է 2005թ.-ին ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով, որով սահմանված նորմերը փորձում են շրջանցել քաղաքապետարանում, անդրադառնալով վերջին շրջանի բողոքներին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Ավելի ուշ «Ռադիոլուրի» հետ զրույցում տիկին Բախշյանը մանրամասնեց:
«Հերթագրման գործընթացն են կասեցնել, ինքը պարտավոր է հաշվառել երեխային, իսկ հաշվառում են ըստ մանկապարտեզի՝ երեխաներին հերթագրելով: Դա քաղաքապետարանի լավությունը չէ, ինքը պարտավոր է այդ կրթությունը ապահովել, որովհետեւ նախակրթությունը համարվում է կրթության հիմք»:
Հերթագրումը հերթագրում, բայց այլ խնդիր է, երբ երեխային հերթագրում ես, բայց հերթն այդպես էլ չի հասնում: Նման խնդրի առջև է կանգնել նաև զրուցակիցս: Երեխայի հերթը հասել է միայն կոնկրետ քայլերից հետո:
Ի դեպ՝ օրենքում նախադպրոցական կրթության ուսումնական գործընթացի սկիզբ ու վերջ ամրագրված չէ, այլ միայն տարիք։ Սա նշանակում է երեխայի տարիքը լրանալուն պես նա պետք է միանա իր տարիքային խմբին, եթե հերթը հասնել է, ընդգծում է Անահիտ Բախշյանը:
«Մեր երկրում 0-3 տարեկան երեխաների միայն 30 տոկոսն է մանկապարտեզ հաճախում, իսկ 3-6 տարեկանների` 51 տոկոսը, ինչը բավարար արդյունք չէ: Մարդիկ իրենց երեխաներին հերթագրում են եւ տարիներ շարունակ սպասում, երբեմն՝ այնքան երկար, որ երեխան արդեն դպրոց գնալու տարիքին է հասնում: Նախակրթական տարիքը սկսվում է 0-3 տարեկանից, բայց այսօր մեր
մանկապարտեզները սկսում են երեխաներին հերթագրել 3 տարեկանից»:
Օրենքն ասում է, որ նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունք, որ ՀՀ-ում նախադպրոցական տարիքը 0-6 տարեկանն է, որ այդ կրթությունը կազմակերպելը Երևան համայնքի պարտավորությունն է, որ այդ երեխաների հաշվառումը, այսինքն՝ ըստ տարիքի հերթագրումը, նույնպես քաղաքապետարանի աշխատակազմի պարտավորությունն է ու քաղաքապետարանի աշխատակազմն իրավունք չունի օրենքով իր վրա դրված լիազորությունները կամայականորեն շրջանցել կամ չիրականացնել:
Մանկապարտեզներում ընդունելության այս խնդիրը սրվեց որոշ մանկապարտեզներ փակելուց հետո: Իսկ երբ մանկապարտեզները դարձան անվճար, սկսեցին շատ ավելի թանկ նստել ծնողի վրա, քան երբ այդ ծառայությունը վճարովի էր՝ նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Հիմա մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան համալսարան: Կոռուպցիոն մտածելակերպն է մեզ ամենամեծ վնասը հասցնում»:
Կոռուպցիան ցեցի պես ուտում է երկիրը, նշում է Անահիտ Բախշյանն ու ընդգծում, քանի դեռ կոռուպցիան օրենքից վեր է, անօրինականություններն ու կոռուպցիոն դրսևորումները գնալով շատանալու են:




