ԿարևորՔաղաքական

ԼՂ խնդրի հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ տա. Նալբանդյան

«Ռադիոլուրի» 18.00-ի թողարկումից հատված

Ադրբեջանական բարբարոսությունները թե՛ ղարաբաղյան  շարժման առաջին տարիներին, թե՛2016 թվականի ապրիլին կասկած չեն թողնում, որ Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների ինքնորոշման համար պայքարն արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մոտեցումներից մեկը, որը որդեգրել ենք հիմնահարցի հանգուցալուծման նպատակով, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային  ճանաչումն է: Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության հետ միասին ամրագրված է՝ որպես ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը: Այս երեք սկզբունքներն ամրագրված են Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում, ԵԱՀԿ եւ մի շարք այլ կառույցների փաստաթղթերում»,- նշել է նա:

Էդվարդ Նալբանդյանի հավաստմամբ՝ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է համանախագահող երկրների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք, մինչդեռ Ադրբեջանը շարունակաբար մերժում է դա անել:

«Պարզ է, որ  չի կարող հանգուցալուծում լինել, մինչ Ադրբեջանը չընդունի միջազգային իրավունքի սկզբունքները, փոխարենը Բաքուն նախընտրում է իր համար ինչ-ինչ մտացածին սցենարներ հորինել, համանախագահներին երեւակայական առաջարկներ վերագրել»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարը շեշտել է, որ խնդրի հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ տա:

«Մարդկանց անվտանգության ապահովումը միջազգային պարտավորություններից մեկն  է,   եւ Լեռնային Ղարաբաղն այս իրավունքը վաստակել է նաեւ իր արյան եւ մեծ զոհողությունների գնով: Բաքվի ռազմական հռետորաբանությունը,  ղեկավարության կողմից հասարակության մեջ հայատյացության սերմանումը, զինադադարի պարբերական խախտումները, նորանոր սպառնալիքները, ապրիլյան ոճրագործությունը կասկածի տեղ չեն տալիս, որ անվտանգության թերի երաշխիքների պարագայում այս հակամարտությունը ավարտված չի կարող լինել»,-ասել է նա:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայկական կողմի մոտեցումներից մեկը նաեւ բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու կառուցողական քայլերի, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ իրականացումն է:

«Կարծում եմ՝ դժվար չի լինի պատկերացնել, թե որքան ջանքեր է  պահանջում բանակցային սեղանի շուրջ համաձայնությունների գալը, երբ հատկապես կողմերից մեկն Ադրբեջանն է»,-ասաց ՀՀ արտգործնախարարը՝ հավելելով, որ այնուամենայնիվ համանախագահները սկսել են մատնանշել, թե որն է խախտող կողմը՝ նպատակ  հետապնդելով ուշքի բերել Ադրբեջանին:

«Ռադիոլուր»-ը հետեւել է  նաև Արցախի արտգործնախարարի՝ համաժողովում ունեցած ելույթին:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ոչ կրոնական է, ոչ էլ տարածքային, այլ նախևառաջ երկու տարբեր քաղաքակրթական մոտեցումների, վարքագծերի բախում է: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգին նվիրված նիստում նման համոզմունք  է հայտնել Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

«Պաշտոնական Բաքուն շարունակաբար փորձում է կրոնական երանգ հաղորդել հակամարտությանը: Մահմեդական երկրների աջակցությունը ապահովելու նպատակով իսլամական գործոնի չարաշահումը հատկապես մտահոգիչ է հարևան միջերկրական և մերձարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում, որոնք արձագանք են ունենում մեր տարածաշրջանում ևս: Բաքվի՝ իսլամական ահաբեկիչների հետ համագործակցության արմատները գնում են 90-ականների սկիզբ, երբ ադրբեջանական զորքերի շարքերում ահաբեկչական խմբավորումների վարձկաններն էին: Նույնիսկ զինադադարից հետո Ադրբեջանը ոչ միայն չդադարեց, այլև մտավ նոր փուլ, երբ այն դարձավ տարանցիկ գոտի զենքի ապօրինի մատակարարումների և ահաբեկիչների աջակցության համար: Ադրբեջանն այսօր փորձում է իր բարքերը պատադրել այլ երկրներին՝ նրանց թելադրելով իր սեփական կանոնները, դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, ընդհուպ քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին կաշառելը»,-ասել է նա:

Կարեն Միրզոյանի խոսքով, պատմության ողջ ընթացքում մենք տեսել ենք փորձություններ, դիմայակել բազում մատահրավերների, այսօր էլ ժամանակակից աշխարհում գրեթե յուրաքանչյուր պահ ստիպված ենք գործ ունենալ մարտահրավերների հետ:

Կարեն Միրզոյանի խոսքով՝ Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքը մտահոգիչ է ոչ միայն հայկական երկու պետությունների, այլև հենց տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից: «Ստեղծված պայմաններում մենք հարկադրած ենք ուշադրություն դարձնել մեր պաշտպանական համակարգի և բանակի կատարելագործմանն ու արդիականացմանը որպես տարածաշրջանում Արդբեջանի ռազմատենչ նկրտումների զսպման և կայունության ապահովման հիմնական գործոնը»,- նշել է պաշտոնյան:

Կարեն Միրզոյանը նկատել է՝ հայկական կողմերն աջակցում են համանախագահների կողմից բազմիցս հնչեցված քայլերի իրականացմանը, սակայն այդ պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվում, քանի որ Ադրբեջանը հավատարիմ մնալով պայմանավորվածությունները դրժելու իր քաղաքականությանը՝ հրաժարվում է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Կարդացեք նաև

Back to top button