

Դատարանների նախագահների խորհուրդն օրերս հրապարակեց դատարան մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու նոր կարգը: Դատական դեպարտամենտը փոփոխել է գործող կարգը ՝ փորձելով լուծում տալ դատական կարգադրիչներ- փաստաբաններ ամիսներ շարունակ ձգվող վեճին: Փոփոխությունները սակայն ոչ միայն չեն հարթել հակասությունը, այլև նաև նոր խնդիրներ են առաջացրել:
Բեյսբոլի մականներ, գոլֆի թիեր, բիլիարդի կիեր, ձկնորսության կարթեր. սա ոչ թե մարզական ակումբում կան սպորտային խանութում առաջարկվող տեսականուց է, այլ դատարան ներս տանել չթույլատվրող իրերի ցանկից: Ընդ որում, սա ցանկի միակ ուշագրավ հատվածը չէ, տարօրինակ այլ թվարկումներ էլ կան: Օրինակ՝ կենդանիներ, սողուներ, բակտերիաներ ու վիրուսներ, գործելու շյուղեր:
«Կարող է զավեշտ թվալ, բայց հավելվածում հենց այդպես էլ գրված է՝ դատարան արգելվում է տանել գործելու շյուղեր: Այսինքն ի՞նչ, փաստաբանները խասյաթ ունեին դատարան շյուղերով գնալ: Կամ գրել են ՝ արգելվում է ներս տանել բակտերիաներ ու վիրուսներ: Սովորական մարդն իր մեջ մի քանի միլիոն բակտերիա է կրում, մետաղորսիչով ինչպե՞ս են որոշելու: Ծիծաղում եք, բայց իրականում լացելու է»:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքն է: Նա այն հարյուրից ավելի պատգամավորներից մեկն է, որոնք մեկօրյա գործադուլի դիմեցին, չներակայացան դատական նիստերի ՝ այս կերպ բողոքելով դատարաններում փաստաբանների զննության գործող կարգի դեմ: Կարգին ընդդիմացող փաստաբանները կարծում են, որ դատական կարգադրիչներն իրականում ոչ թե զննություն, այլ խուզարկություն են իրականացնում, ինչի իրավունքը չունեն:
«10-15 տարվա փաստաբան եմ, և հանկարծ պարզվեց, որ ինձ հետ նռնակ կարող եմ տանել դատարան»:
Դատարանների նախագահների խորհուրդն օրերս հրապարակեց դատարան մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու նոր կարգը: Կառույցը փոփոխել է գործող կարգը՝ փորձելով լուծում տալ դատական կարգադրիչներ- փաստաբաններ ամիսներ շարունակ ձգվող վեճին: Քանի որ որպես զննության նպատակ նշվում էր արգելված իրերի մուտքը դատարան կանխելը, կառույցը որոշեց հստակ սահմանել, թե որ իրերի մուտքն է արգելվում: Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով ՝ փոփոխությունները ոչ միայն չհարթեց հակասությունները, այլև նոր խնդիրների առաջ կանգնեցրեց:
«Ես գնալով համոզվում եմ, որ պետական կառույցները ավելի լավ է որևէ գործողություն չանեն, քանի փորձեն լուծումներ գտնել: Ես չեմ կարծում, որ արդարադատության ոլորտը արժանի է ծաղրի, իսկ այդ փաստաթուղթը ծաղր է»:
Նոր կարգն ամենևին ծաղր չի համարում Փաստաբանների պալատի՝ վերջերս վերընտրված նախագահ Արա Զոհրաբյանը: Նա համոզված է, որ նման ցանկ ունենալու անհարաժեշտություն կա : Ավելին՝ հիշեցնում է, որ այդ անհրաժեշտության մասին փաստաթուղթը քննադատող փաստաբանները մինչև դրա ընդունումը իրենք էին խոսում , իրենք էին հարց բարձրացնում՝ արդյոք սահմանված է, թե որ իրերի մուտքն է արգելված դատարաններ:
« Փաստաբանների պալատը Դատարանների նախագահների խորհրդին դիմել է հենց այդ տրամաբանությամբ, հենց մեր գործընկկերների պահանջը հաշվի առնելով: Իսկ թե ինչ են իրենք գրել այդ ցանկում, դահուկ են գրել թե սողուն, դա արդեն այլ խնդիր է: Այդ հարցերով կարող եք դիմել իրենց, իսկ եթե կարծում եք , որ իրավաչափ չէ, հանգիստ կարող եք վիճարկել դատարանում»:
Ի դեպ, ՓՊ նախագահն ու փաստաբանների մի մասը տարբեր դիրքորոշում ունեն նաև հակասությունն առաջացրած բուն հարցի վերաբերյալ՝ փաստաբաններին զննո՞ւմ են, թե՞ խուզարկում դատարաններում:
«Մենք 1852 փաստաբան ենք, և ունենք 1852 կարծիք: Ես անձամբ կարծում եմ, որ սա խուզարկություն չէ, և ինձ հետ համամիտ են իմ շատ գործընկերներ»:
Վերընտրվելուց հետո ՓՊ նախագահը համերաշխության կոչ ուղղեց իր բոլոր այն գործընկերներին , որոնք, ինչպես Արա Զոհրաբյանն էր ձևակերպել, սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված են կառույցից: Զոհրաբյանի ընդդիմախոսները չհապաղեցին հակադարձել ՝ ոչ թե նման կոչերի, այլ կոնկրետ խնդիրները լուծող քայլերի կարիք կա:




