
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Արցախի միջազգային ճանաչումը նպաստելու է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առավել համալիր եւ արդյունավետ կառուցակարգերի ձեւավորմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների միջազգային կառուցակարգերի ապահովմանը, Արցախի հանրապետութայն բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորված ապահովմանը, ԱՀ քաղքացիների լիարժեք ինքնադրսեւորման ապահովմանը: Այսպիսի կարծիք այսօր հայտնել են Ստեփանակերտում կայացած << Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրները եւ հեռանկարները>> միջազգային գիտաժողովի մասնակիցները` գիտաժողավի ավարտին ընդունված բանաձեւում:
Արցախի Ազգային ժողովում կայացած գիտաժողովը նախաձեռնել է Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորումը: Սա նման թեմայով երկրորդ գիտաժողովն է, եւ չնայած մեր հարեւանների բողոքներին՝ Ստեփանակերտ է բերել միջազգային իրավունքի գիտակների նաեւ արտերկրից: Նրանցից է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Օտտո Լուխտերհարդը, ով իր ելույթում անդրադարձել է միջազգային իրավունքում պետությունների ճանաչման հիմնախնդրի եւ ի մասնավորի քննարկել Արցախի Lանրապետության ճանաչման հնարավորությունը:
Ըստ գիտնականի՝ Արցախը <<պետականություն>> ձեւակերպող միջազգային իրավունքի փաստաթղթերով հռչակված հատկություններն ունի եւ նրա ճանաչումն ընդհանրապես վաղաժամ չի կարող դիտարկվել: Այլ հարց է, որ ՄԱԿ-ի անդամ երկրները դժկամությամբ են նոր կազմավորումների իրավահավասարությունը ճանաչում: <<Արցախի ճանաչումը չի կարող վաղաժամ լինել, քանի որ այն օժտված է պետության բոլոր հատկանիշներով եւ վաղուց արդյունավետ եւ կայուն պետություն է, որը անկախ է Ադրբեջանից>>:
Ընդ որում՝ գիտնականը շեշտում է , որ հենց <<պետական արդյունավետությունը>> Արցախի հանրապետության դեպքում այն միջազգային սկզբունքն է, որը չի հակասում եւ գերակա է Ադրբեջանի սուվերենության սկզբունքից: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին, ապա գերմանացի պրոֆեսորը կարծում է, որ Արցախի Հանրապետությունն իր ինքնիշխանությունը պահպանում է նաեւ այդ հարաբերություններում. միեւնույն ժամանակ Արցախի միջազգային ճանաչումը վաղաժամ չհամարող պրոֆեսորը զգուշացնում է այն վտանգների մասին, որով հղի է ճանաչումը Հայաստանի կողմից:
Դա, ըստ Լուխտերհանդտի, կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից քաղաքական սանկցիաների, որոնք կարող են արտահայտվել Մինսկի խմբից նրա դուրս գալով եւ արդյունքում նպաստելով ՄԽ-ի ձեւաչափի եւ հակամարտության քաղաքական կարգավորման միակ հարթակի կազմաքանդման, ինչը ձեռնտու չէ ոչ ՄԽ համանախագահներին, ոչ Եվրամիությանը, ոչ էլ տարածաշրջանային այլ խաղացողներին:
Մյուս կողմից ճանաչումը, ըստ գերմանացի գիտնականի, նաեւ նոր սահմաններ կգծի Անդրկովկասում: <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը փաստացի Եվրասիական տնտեսական միության տարածքն է: Ճանաչման դեպքում Հայաստանի հետ մաքսային սահման պիտի գծվի, ինչը հղի է նոր հակամարտություններով>>: Միացյալ Նահանգներից ժամանած իրավաբանական գիտությունների դոկտոր, Նյու-Յորքի համալսարանի իրավունքի դպրոցի պրոֆեսոր Ամիթ Չաբրան գերմանացի գործընկերոջ Արցախի, որպես կայացած պետության բնորոշումների հետ համաձայն է եւ կարծում է, որ այն միջազգայնորեն չճանաչվելու բոլոր հեռանկարներն ունի, առաջին քայլը նա ակնկալում է Ուրուգվայից:
Ուրուգվայի կողմից ճանաչումը կարող է նախադեպ լինել եւ կարող է նպաստել այլ պետությունների նմանատիպ դիրքորոշմանը: Զեկուցողը միեւնույն ժամանակ նշեց, որ Ուրուգվայն իր որոշումը հետաձգել է՝ սպասելով ՄԽ- ին, որը, սակայն, ըստ Չաբրայի, ոչինչ չի արել, բացի ապառազմականացման վերաբերյալ կոչերից: Գործընկերների հետ համաձայնեց նաեւ Լեհաստանից Արցախ ժամանած քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարեկ Ժեյմոն։ Նա նաեւ հակամարտության տնտեսական ասպեկտի մասին խոսեց՝ չբացառելով պատերազմի վտանգը։ Լեհ գիտնականը հայտարարեց, որ գազային ու նավթային միջազգային նախագծերի անդամ Բաքվին պատերազմն ամենաքիչն է ձեռնտու: <<Միշտ չէ, որ հզորությունը հարստության մեջ է: Եվրոպայի այնպիսի երկրներ, ինչպիսին Ավստրիան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը այդպիսի հարստություններ չունեն, նրանք զարգացել են մարդկային ներուժի, գիտության, մշակույթի ասպարեզներում կատարած ներդրումների շնորհիվ: Ցանկանում եմ, որ Հայաստանը դառնա Կովկասի Շվեյցարիա, իսկ Արցախը նմանվի Լիխտենշտեյնին:
Չորս մասնախմբերում քննարկելով Արցախի պետականության կայացման, միջազգային ճանաչման հեռանկարների, մարդու իրավունքների խդնիրները, ու դրանք դիտարկելով նաեւ տնտեսական, պատմական ու հոգեբանական տեսանկյունից գիտաժողովի մասնակիցներն այսօր հրապարակել են իրենց եզրակացությունը: Նրանք ընդունել են, որ Արցախի միջազգային ճանաչումը նպաստելու է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առավել համալիր եւ արդյունավետ կառուցակարգերի ձեւավորմանը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների միջազգային կառուցակարգերի ապահովմանը, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավորված ապահովմանը, ԱՀ քաղաքացիների լիարժեք ինքնադրսեւորման ապահովմանը եւ կոչ արել միջազգային հանրության ու ԵԱՀԿ Մինսկի խմբին նպաստել Արցախի Հանրապետության ճանաչմանը:
Այս կոչից բացի՝ գիտաժողովի մասնակից փորձագետներն ու գիտնականները նաեւ տեղական իշխանություններին ուղղված հորդոր առաջարկներ ունեն հատկապես տնտեսական որոշ խնդիրների լուծման համար եւ պետական ինստիտուտների կայացմանն հարցերում:




