


Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքին «Ռադիոլուրն» անդրադարձել էր հուլիսին, պատմել համայնքի մասին, որտեղ մրցակցային առավելության են վերածել դժվարանցանելի, քարուքանդ ճանապարհներն ու անմշակ հողերը՝ որպես թունաքիմիկատներց զերծ հողեր:

Կալավան. Հայաստանի եզակի համայնքներից մեկը, որտեղ զարգացման համար արտաքին ներդրողներին ոչ միայն չեն սպասում , այլև մերժում են, որովհետև, ինչպես ասում են, ներդրողը պիտի գա ու մտածի միայն իր եկամուտների մասին: Բիզնեսը կապականի գյուղը: Առանց կալավանցիների պատկերացրած ապականող բիզնեսի, Գեղարքունիքի անտառներում ծվարած այս գյուղը 2016-ին շուրջ 2 500 արտասահմանցի զբոսաշրջիկ է ընդունել:

Այսօր Կալավանում հաջողությամբ զարգանում է օրգանական գյուղատնտեսությունը՝ նաեւ Երևանից Կալավան հասած էկոլոգիական իրավունքի երիտասարդ մասնագետ Արթուր Գրիգորյանի շնորհիվ։

Էկզոտիկ բույսերից մինչև մրգատու ծառեր: Ամենամաքուր օրգանական բերքն արդեն հասցրել են վայելել ոչ միայն տեղացիները, այլև Կալավան այցելած բազմաթիվ զբոսաշրջիկներ: Իրավաբան-ֆերմերի վերջնական նպատակն ագրոտուրիզմի սիրահարներին Կալավան բերելն է։ Նաև անձնական օրինակով ցույց տալ գյուղացուն, որ գյուղատնտեսությունն ուղղակի տանջանք ու տառապանք չէ: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ այն կարող է դառնալ նաեւ հաճելի ու շահավետ բիզնես:
Կալավանում մշակած համայնքային զարգացման ձևաչափի համաձայն՝ կարևոր է համայնքի յուրաքանչյուր անդամի զբաղվածությունը, որպեսզի մարդիկ զուտ աշխատող չլինեն, այլ ստեղծեն իրենց տնտեսությունը, իրենց միջավայրն ու աշխարհը, որից ոչ մի պայմանով չէին ցանկանա հրաժարվել։ Ի դեպ՝ Արթուրն ասաց, որ Կալավանում գնած տունն արդեն վերանորոգվում է: Ավարտելուց հետո չի բացառում, որ հարազատներն էլ Երևանից կտեղափոխվեն Կալավան:




