Քաղաքական

Քրեական միջադեպը՝ ԱԺ ճեպազրույցներում


6-րդ գումարման Ազգային ժողովի խմբակցություններն այսօր առաջին անգամ են օգտվել Կանոնակարգով տրված հնարավորությունից և նստաշրջանի առաջին քառօրյան ամփոփել են ճեպազրույցներով: Տարբեր թեմաներ են կարևորել, առանցքում, սակայն,  եղել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած քրեական միջադեպը: Դեպքը պատգամավորներին մտահոգում է, բայց գնահատականները տարբեր են՝ սովորական ռազբորկաներից մինչև կրիմինալիզացիայի գագաթնակետ: Ինչպես են բացատրում իրավիճակը խորհրդարանականները, ում բացթողումներն  են  տեսնում ու ինչ են առաջարկում:

Վանոյի ժամանակների մասին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը  չի երազում:  Դիտարկմանը, թե երեկվա քրեական միջադեպից հետո  սոցցանցերում հիշում են Սիրադեղյանին և խոսում նրա վերադարձի անհրաժեշտության մասին, Ռուստամյանը արձագանքում է միանշանակ՝ այդ ցանկությունն ունեցողներից չէ:

«Ես չեմ երազում Վանոյի ժամանակների մասին: Այնպես չէ, որ այն ժամանակ կրիմինալ չկար, բավական է հիշել հայտնի սպանությունները: Եթե այն ժամանակները վերադառնան, նույն ընթացքն է գնալու: Եթե ինչ-որ բան ծուռ ես շարում, ծուռ էլ գնում է»:

Իրավապահների, իսկ ավելի կոնկրետ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի պատասխանատվությունը տեղի ունեցածում  ՀՅԴ խմբակցության ղեկավարը տեսնում է ճիշտ այն չափով, որքանով պատասխանատու է իշխանության ցանկացած ներկայացուցիչ:  Նա  համամիտ չէ այն կարծիքին, թե  կրիմինալիզացիան Հայաստանում հասել է վտանգավոր  սահմանագծի:  Սովորական ռազբորկաներ են՝ երեկ Երևանի կենտրոնում հնչած  կրակոցներն ու  սպանությունն այսպես է բնորոշում Արմեն Ռուստամյանը:

«Այդպիսի երևույթներ միշտ էլ տեղի են ունենում, բայց չի կարելի ասել, որ համընդհանուր կրիմինալիզացիա է գնում: Սովորական ռազբորկաներ են, որ ցանկացած երկրում կարող է տեղի ունենալ: Կարևոր է, որ իրավապահ մարմինները կարողանան բացահայտել և կանխել նմանատիպ դեպքերը»:

Ծառուկյան դաշինքին քրեական հերթական միջադեպը մտահոգում է, բայց դեռևս ոչ այնքան, որ պահանջեն ոստիկանապետի հրաժարականը:

«Եթե տեսնենք, որ պահը հասունացել է և իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս , նման հայտարարություններով հանդես կգանք: Ընդհանրապես կարծում ենք, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն»:

Տեղի ունեցածը ոչ թե սովորական, այլ ներհանրապետական  ռազբորկա են որակում  «Ելք»-ում:  Չեն զարմանում, որ նմանատիպ  տարբեր միջադեպերը հաջորդում են միմյանց: Համոզված են, որ Երևանի կենտրոնում հնչած կրակոցները կապված են Ալավերդու քաղաքապետի նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների հետ: Համոզմունքը  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանինն է։

«Դա ներհանարպետական «ռազբոռկա» է, որի դրսևորումերն առաջիկայում ևս կարող ենք ունենալ»։

Ցանկացած միջադեպ  ուզում են կապել ընտրությունների հետ՝  Փաշինյանին այսպես է հակադրաձում  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա Լոռու մարզից ընտրված պատգամավոր է, բայց միջադեպի մասնակիցներին, տուժածներին կամ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողներին չի ճանաչում : Իսկ համոզմունքը, որ միջադեպը ընտրությունների հետ կապ չունի, ձևավերվել է նաև լրատվամիջոցների փոխանցած տեղեկատվությունից:

«Լրատվության միջոցների տարածած ինֆորմացիայով  սա ոչ թե այս ընտրությունների, այլ շատ ավելի հին պատմություն է: Ես քվերակվել եմ Լոռու մարզում և այդ մարդկանց ոչ անուններով, ոչ դեմքերով չեմ ճանաչում:Ոնց կարող են կապ ունենալ ընտրությունների հետ»:

Իսկ ընդհանրապես, Բաղդարասրյանի գնահատմամբ որևէ պետություն երաշխավորված չէ նման դեպքերից: Հասկանալու համար, որ Հայաստանում քրեական իրավիճակն այնքան էլ սարսափելի չէ, խորհրդարանական մեծամասնության ղեկավարն առաջարկում է  համեմատել իրավիճակն այլ երկրների հետ:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը  տեղին չի համարում ոստիկանապետի հրաժարականը  պահանջելու մասին կոչերը:  Մեկ- երկու դեպքի համար անձերի փոփոխություն անհրաժեշտ չէ՝ ասում է Բաղդարսարյանը  և համոզված է, որ ամեն ինչ արվում է նման հանցագործությունների բացառման, իսկ եթե կատարվում են, դրանց  բացահայտման համար:

 

Կարդացեք նաև

Back to top button