ԿարևորՀասարակություն

Հանրային ռադիոյի քրդերեն հաղորդումների ունկնդիրները քրդերն են աշխարհի տարբեր վայրերից


Խորհրդարանի երեկվա նիստում ՀՀԿ խմբակցության անդամ, քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր Կնյազ Հասանովն, անդրադառնալով Հանրային ռադիոյի քրդերենով հեռարձակումների տեւողությանն, առաջարկել է դրանք 30 րոպեից դարձնել 1 ժամ: Այս թեմային այսօր անդրադարձել է «Ռադիոլուր»-ը՝ փորձելով հստակեցնել, թե ի՞նչ խնդիրներ կան եւ ի՞նչ հնարավորություններ՝ առաջարկն իրականություն դարձնելու համար:

 

 

Հանրային ռադիոյի քրդական բաժինը գործում է 1930-ական թվականներից՝ օրական քրդերենով հեռարձակելով 1.5 ժամ տեւողությամբ ռադիոհաղորդումներ: Խորհրդային միության փլուզումից հետո առաջացած ճգնաժամի պատճառով, սակայն, քրդական հաղորդումների հեռարձակման ժամանակահատվածը կրճատվել է՝ դառնալով կես ժամ: ՀՌ քրդերեն հաղորդումների բաժնի ղեկավար Տիտալ Չոլոյանը, մեզ հետ զրույցում, ներկայացրեց այն դերը, որն ունեցել են դրանք աշխարհի քրդերի պատմության մեջ: Ասաց, որ այն մինչեւ հիմա էլ շարունակվում է:

ԱԺ-ում Հայաստանի քրդական համայնքը ներկայացնող պատգամավոր Կնյազ Հասնովը, հարցը բարձրացնելով խորհրդարանում, շեշտադրեց քրդերենով ռադիոհեռարձակումների կարեւորությունն ու նշանակությունը:

Հարցի հետ կապված՝ պարզաբանում խնդրեցինք նաեւ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանից:

«Մենք իրականում բարձր ենք գնահատում այն փաստը, որ աշխարհի շատ ու շատ քրդեր համարում են, որ Հայաստանի ռադիոն է իրենց սովորեցրել մայրենի լեզուն: Դա գնահատելով՝ մենք ուզում ենք, որ Հանրային ռադիոյի դերը մնա այդքան բարձր»:

Կնյազ Հասանովի կարծիքով, սակայն, ներկայումս 30 րոպե տեւողությամբ հեռարձակվող քրդական ռադիոժամը չունի այն դերակատարությունը, ինչը իրականացրել է 1.5 ժամ տեւողությամբ հեռարձակման ժամանակ: Հետեւաբար.

«Կառաջարկեի, հնարավոր չէ՞ որ մեկ ժամ հեռարձակումը ապահովվի»:

Առաջարկին խորհրդարանում երեկ արձագանքեց Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Բորիս Դեմիրխանյանը:

«Հիմնական շեշտադրումն այստեղ դրվում էր զուտ տեխնիկական հնարավորությունների շրջանակներում  եւ Ռադիոյի թվայնացման շրջանակներում գուցե այդ հարցին կրկին անդրադառնանք»:

Փառք Աստծո, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությունը եւ որեւէ այլ նախարարություն տվյալ խնդրի հետ որեւէ կապ չունի՝ մեզ հետ զրույցում շեշտեց Մարկ Գրիգորյանը, ապա հավելեց.

«Մենք այսօր անկախ ենք, ինքնուրույն ենք, եւ այդ ինքնությունյությունը թույլ է տալիս մտածել նաեւ փոքրամասնությունների մասին»:

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խոսքով, սակայն, խնդիրներից մեկն այն է, որ այսօր չկան արհեստավարժ մասնագետներ, եթե, նույնիսկ, քրդական հաղորդումներն ավելացվեն մինչեւ 1 ժամ եւ ավելին:

ՀՌ քրդերեն հաղորդումների բաժնի ղեկավար Տիտալ Չոլոյանն էլ նշեց, որ թեպետ տեխնիկապես հնարավոր է ապահովել ավելի ծավալուն ռադիոհաղորդումներ, սակայն, կադրերի խնդիր գոյություն ունի:

Մարկ Գրիգորյանը նույնպես նշեց, որ խնդիր է նաեւ ֆինանսական կողմը, սակայն, հավելոց, որ շուտով գործարկվելու է Հանրայի ռադիոյի նոր կայքը, որը նոր հնարավորություն է նշանակում եւ որտեղ նույնպես կարող են ավելացվել քրդերենին հատկացվող ծավալները:

«Մենք բարձիթողի չենք անում, մշտապես մտածում ենք այդ մասին»:

Մեծացնելով քրդերեն հաղորդումների ծավալները՝ մենք ուղղակի պարտավոր ենք մեծացնել նաեւ եզդիերեն, ասորերեն, հունարեն եւ ռուսերեն հաղորդումների քանակը, քանի որ Հայաստանի 5 ամենամեծ փոքրամասնություններն են՝ նկատեց Մարկ Գրիգորյանը՝ վստահեցնելով, թե պարտավոր լինելով ցանկություն կա դա անելու:

Պատկերացրեք, թե ինչ մասշտաբի աշխատանք պետք է տարվի. հաճույքով կտանենք, եթե պետք լինի՝ եզրափակեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Կարդացեք նաև

Back to top button