

Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշեւիկյան բռնաճնշումներին նվիրված «Խավարում» ցուցադրությանն փակման շուրջ քննարկումները շարունակվում են արդեն քանի օր։ Նշվում են տարբեր պատճառներ. «Ռադիոլուրը» խնդրին փորձեց անդրադառնալ տարբեր տեսանկյուններով. ինչպես են այդ ցուցադրությանը վերաբերվում կոմունիստները, ինչ են ստալինյան տարիների մասին մտածում կամ հիշում մեր համաքաղաքացիները։ Իսկ Մշակույթի նախարարից հետաքրքրվեց՝ ինչու փակվեց Թումանյանի թանգարանի ցուցադրությունը եւ ինչու այդ բռնությունների 80- րդ տարելիցին նվիրված միջոցառումներ չի կազմակերպում պետությունն ինքը։
Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում ներկայացվող «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նախատեսված էր ներկայացնել մինչև ուշ աշուն, փակվեց ժամանակից շուտ։ Այդ ամենը զրպարտության հետևանք էր, այսպես է բնորոշել ցուցադրության ընդհատումը թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:
Ցուցադրության ընդհատումը բավականին բուռն քննարկումների առիթ դարձավ նաև համացանցում եւ ոչ միայն։
Թումանյանի թանգարանի ցուցադրությունը շատ էր ցանկանում դիտել նաև մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը, սակայն չհասցրեց, ժամանակից շուտ ընդհատվեց, ափսոսանքով նշում է Խոդիկյանը:
Մինչ հասարակության տարբեր զանգվածներ ափսոսանք են հայտնում, որ այդպես էլ չհասցրեցին ծանոթանալ ցուցահանդեսին, կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Գեղամ Գալստյանը թանգարանի տնօրենի մոտեցման մեջ վրեժխնդրություն է նկատում:
Արդյո՞ք այսօր անցյալի մանրամասների միասին փաստերով բարձրաձայնելու իրավունք չունենք: «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ կոմկուսի ներկայացուցիչը նկատեց, որ այսօր շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնց մասին արժե բարձրաձայնել:
Թե ինչու փակվեց ցուցադրությունը յուրաքանչյուր ոք յուրովի է մեկնաբանում: Մշակույթի նախարարությանը մեղադրողները պնդում են՝ վերջինս չի ցանկացել թեման շոշափել: Իրականում ցուցահանդեսի փակման պատճառը աշխատանքային ներքին կանոնակարգն է, ցուցահանդեսը համաձայնեցված չի եղել նախարարության հետ, «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Հարցիս, թե ինչու այդ ցուցադրությունը չի ներկայացվել հենց նախարարության կողմից, ի վերջո հայտնի դեպքերի 80-ամյա տարելիցն է այս տարի լրանում, Արմեն Ամիրյանը հայտնեց, որ տարվա ընթացքում թեման արծարծվել է տարբեր առիթներով:
Թանգարանային գիշերն ունեցել է թեմայի ենթավերնագիր, սեպտեմբերի 22-ին էլ Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն: Հրատարակվել են գրքեր, հանձնարարական ունենք ՀՀ նախագահից ստեղծել առանձին թանգարան՝ նվիրված ստալինյան բռնապետության զոհերին՝ նշեց նախարարը:
Թումանյանի թանգարանի ցուցահանդեսը կվերաբացվի, թե՝ ոչ, մշակույթի նախարարը չի կարող ասել: Դա թանգարանի տնօրինության գործն է: Եթե թանգարանի տնօրինությունը պատրաստ է միջոցառումը համաձայնեցնել նախարարության հետ, ապա գերատեսչության ղեկավարը դեմ չէ, առավել ևս, երբ ցուցադրության նյութում արծարծվում են նաև իր ազգականների անունները:




