Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Այսօր ժամը 13։30-ի սահմաններում, «Վերնիսաժ»-ի հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Դեպքից 20 րոպե անց «Ռադիոլուրն» արդեն դեպքի վայրում էր: Այդ ժամանակ իրավիճակը բավականին հանգիստ էր: Կրակոցների մասին հուշում էին սպանվածի դին, որը դեռ չէին տարել, արյան հետքերը, փամփուշտները: «Վերնիսաժ»-ի կողքին՝ աստիճանների դիմաց, ավտոմատ էր ընկած, իսկ տոնավաճառի ներսում՝ ատրճանակ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ մամուլի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը դեպքի մասին որոշ մանրամասներ հաղորդեց: Ավելի ուշ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ սպանվածը Լոռու մարզի 43-ամյա բնակիչ Գագիկ Մոսինյանն է:
Վիրավորը տեղափոխվել է հիվադանոց, սակայն դեռ հայտնի չէ, թե որ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի` դիտավորյալ սպանություն և 235 հոդվածի 1-ին մասի՝ զենքի ապօրինի իրացնելու, փոխադրելու հատկանիշներով։




