

«Ելք» խմբակցությունն այսօր ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեց ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը:
Նախաձեռնության հեղինակները նշում են, որ հանձնաժողովը պետք է ըստ էության եզրակացություն տա մի քանի հարցերի. ի՞նչ ստացանք մենք և ինչ կորցրեցինք ԵԱՏՄ-ին անդամագրվելով, ու որքանով է մեր հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նախ ներկայացնում է հանձնաժողով ստեղծելու ընթացակարգը։ Աասում է, որ նախաձեռնությունը պետք է քննարկվի մշտական հանձնաժողովներից մեկում, ապա՝ լիագումար նիստում: Ու Եթե որոշվի հանձնաժողով ստեղծել, ապա, ըստ նրա, նոր կսկսվեն բովանդակային քննարկումները, որը բխելու է ժողովրդի շահերից:
«Անդամակցությունը ողջունել է ժողովուրդը, և նույնիսկ հանրաքվե անցկացնելու դեպքում դուք կհամոզվեք, որ դա ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունն է եղել»:
Մելիքյանը համոզված է, որ ժողովուրդը ԵԱՏՄ-ի բարիքները կզգա այն ժամանակ, երբ արդյունքները լինեն տեսանելի:
Իսկ ահա «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասում է, որ լավ նախաձեռնություն է, բայց նա հանձնարարել է իր կուսակիցներին, որպեսզի քննարկեն ու կարծիք հայտնեն։ Ծառուկյանը կողմնակից է ԵԱՏՄ- ի անդամակցությանը, ասում է, որ դա բացի օգուտից վնաս չի տվել:
Եթե մենք ԵԱՏՄ-ից օգուտ չենք քաղել, ապա դա միայն մեր մեղավորությունն է՝ ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ի դեպ՝ «Ելք» ում ակնկալում են, որ հանձնաժողովի ձևավորումից հետո կհաջողվի նաեւ խորհրդարանում Հայաստանի` ԵԱՏՄ-ի անդամակցության մասին լսումների անցկացնել:




