

Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրությունը մի օր ներդրվելու է: Դրան այլընտրանք չկա: Այս հարցում մասնագետների կարծիքները համահունչ են: Սակայն, թե ե՞րբ, ինչպե՞ս եւ ի՞նչ ձեւով ներդնել համակարգը, եւ թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը դրան՝ տեսակետների տարբերությունն ակնհայտ է: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ Աշոտ Խուրշուդյանն, օրինակ, ասում է, որ մարդկանց միջեւ ներկայիս սոցիալական հարաբերությունները, մի շարք այլ հարցեր հաշվի առնելով, կարծում է, որ Հայաստանն այսօր դեռեւս պատրաստ չէ նման համակարգի ներդրմանը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով էլ, թեպետ խնդիրներ, բնականաբար, կարող են լինել, բայց Հայաստանը պատրաստ է համակարգի աստիճանաբար ներդրմանը եւ հենց այդ փուլային ճանապարհն էլ ընտրել են:
Մեր հասարակության զգալի զանգվածը, գիտակցելով բուժօգնության անհրաժեշտությունը, չի դիմում բժշկի։ Այս մասին վկայում են, թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական վիճակագրության տվյալները: Խնդիրը կարգավորելու համար ԱՆ-ն փորձում է անցում կատարել համընդհանուր բժշկական ապահովագրական համակարգի: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանի փոխանցմամբ՝ գաղափարն այն է, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պետք է ապահովագրված լինի։
«Նախատեսում ենք աստիճանաբար անցում կատարել համընդհանուր սոցիալական բժշկական ապահովագրության համակարգ: Խնդրի հիմնական լուծումը դա է: Դա ցույց է տալիս միջազգային փորձը»:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ Աշոտ Խուրշուդյանը, մինչդեռ, համոզմունք հայտնեց, որ երբ բժշկական ապահովագրությունը ներդրվի, ու մարդիկ պատրաստ չլինեն դրան, ապա շատ բողոքողներ են լինելու։ Հետևաբար՝ նա առաջարկում է այդ խոսակցությունը հիմիկվանից սկսել՝ պատրաստվելու համար. «Պետք է թվերով, հաշվարկներով տեսնենք, թե դա ինչ է նշանակում բուժհաստատությունների, գործատուների, աշխատողների, պետության, բժիշկների համար։ Ամբողջ ազգը ներգրավվելու է այս պրոցեսում»։
Բնակիչների շրջանում բժշկի չդիմելու սովորույթը ամրացած է, բայց բժշկին դիմելն էլ դեռ չի նշանակում, որ մեր առողջական խնդիրը կլուծվի՝ ասաց փորձագետը՝ պարզաբանելով. «Գործոնները շատ են՝ համապատասխան մշակույթ, վստահության խնդիր, դեղերի մատչելիություն և այլն։ Ցավոք, ապացուցվող բժշկության հանդեպ հավատն էլ խնդիր ունի: Այսինքն՝ համակարգի հանդեպ պետք է վստահություն լինի»։
Բժշկական ապահովագրության ներդրման համար տնտեսագետը երկու տարբերակ է տեսնում. «Կամ պլանավորենք, հետո ներդնենք, կամ ներդնենք, հետո տեսնենք՝ ինչ է լինում։ Երևի ճիշտն այդ երկուսի մեջտեղում է։ Առաջինը տասնամյակներ կարող է տևել, երկրորդն էլ շոկային հարված կլինի բոլորի համար։ Շատ մասնակիցների տարբեր շահեր պետք է ինչ-որ մի կետում համադրվեն»։
Խնդիրներից խուսափելու լավագույն տարբերակն աստիճանական անցումն է բժշկական ապահովագրությանը՝ համոզմունք հայտնեց ԱՆ ներկայացուցիչ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ տեղեկացնելով:
«Դրա համար մենք արդեն իսկ ապահովագրել ենք 100 հազար պետական ծառայողների և նախատեսում ենք հաջորդ տարի 612 հազար սոցիալապես անապահով խավի ապահովագրել: Աստիճանաբար կլինի այն ծավալը, որը թույլ կտա արդեն համընդհանուր ապահովագրությանն անցնել»։
Պետական ծառայողների համար ապահովագրության գումարը, Դավիթ Մելիք-Նուբարյանի փոխանցմամբ, կազմում է տարեկան 40 հազար դրամ, որը պետությունն է տալիս։ 612 հազար մարդու համար դա կլինի ավելի փոքր գումար՝ որոշակի ծածկույթի վերանայմամ՝ ձեւակերպեց նա՝ տեղեկացնելով, որ օրենքի նախագիծը դեռ չեն մշակել, քանի որ ուզում են հասկանալ, թե ինչպես են մարդիկ արձագանքում դրան, և ըստ այդմ՝ կմշակվի համընդհանուր ապահովագրության հայեցակարգը։




