Քաղաքական

Քաղաքական ուժերը՝ Սիրիայում Հայաստանի կողմից ականազերծում իրականացնելու հավանականության մասին

Դեռևս օգոստոսի 25- ին ՌԴ Գլխավոր շտաբի անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարել էր, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային՝ Սիրիայում ականազերծման աշխատանքների իրականացման համար։

«Ռադիոլուրը» փորձեց պարզել, թե որքանով Հայաստանը պատրաստ մասնակցելու այդ աշխատանքներին։ Մեր հարցմանն ի պատասխան՝ պաշտպանության նախարարությունից հայտնեցին.

«… դեռևս 2016 թ․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՌԴ գործընկերների հետ նախնական աշխատանքային քննարկումներ է ունեցել Սիրիայում մարդասիրական ականազերծման աշխատանքներին մասնակցելու հեռանկարի շուրջ»:

Պաշտպանական գերատեսչության գրավոր պատասխանում շեշտվում է, որ կոալիցիայի ձևավորման ընթացքի, կազմի, առավել ևս տեղակայման ժամանակացույցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն այս պահին նախարարությունը չունի։

Ինչպես են այս ամենը դիտարկում ԱԺ պատգամավորները։ ԱԺ  ՀՅԴ խմբացության ղեկավար Արմեն Ռուստամյանը նման քայլը համարում է մարդասիրական.

«Կարծում եմ դա այն տրամաբանությունից է ելնում ,որ Հայաստանը  մենակ միջազգային համակարգի  սպառողը չլինի,այլ պետք է նպաստի որ այդ համակարգը ամրանա; Իսկ Սիրայի հետ կապված մենք ունենք շատ զգայուն խնդիր՝ ունենք մեր հայրենակիցների հետ կապված, իսկ ականազերծումն էլ մարդասիրական քայլ է»:

Սիրիան մեզ  բարեկամ ժողովուրդ  է, ու այդ երկիրը շատ լավ պայմաններ է ստեղծել այնտեղ ապրող հայերի համար։ Հետևաբար, ականազերծման աշխատանքներին մասնակցության մեջ մենք միայն  դրական երանգներ ենք տեսնում է՝ ասում է ՀՀԿ խմբակցությունից Հրայր Թովմասյանը

«Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանն ասում է,որ  եթե մենք փոխադարձ պարտավորություններ ունենք, ապա պետք է այն կատարենք:

«Ելք» խմբակցությանն անդամ Էդմոն Մարուքյանն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից։ Նա սպասում է, որ համապատասխան միջազգային պայմանագրի վավերացման դեպքում հարցը կքննարկվի խորհրդարանի գլխադասային հանձնաժողովում.

«Պետք նայել դրական ու բացասական կողմերը,Հայաստանը կարող է թիրախ դառան,իսկ դրական կարող է նա լինել որ մենք աջակցում ենք մեր գործընկերներին,գիտենք Սիրիայում որքան հայրեր են ապրում»:

Ի դեպ, եթե համապատասխան միջազգային փաստաթուղթ ընդունվի, ապա այն քննարկվելու է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

Կարդացեք նաև

Back to top button