
Քաղաքական արձակուրդի շրջանն ավարտված է, քաղաքական սեզոնի մեկնարկը՝ տրված: Այսօր 6-րդ գումարման Ազգային ժողովը սկսել է երկրորդ նստաշրջանի աշխատանքը: Առաջին նիստին մասնակցել է 105 պատգամավորից 91-ը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է նստարշրաջնի օրակարգը, որում ընդգրկված է 57 հարց: Քառօրյա նիստերի օրակագում դրանցից 30-ն է: Ի տարբերություն նախորդ նիստերի ՝ օրակարգն այսօր հաստատվել է առանց առարկությունների ու վերապահումների. պատգամավորները հարցեր ու ելույթներ չեն ունեցել և սահուն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:
Թե ինչ են քննարկելու պատգամավորներն այսօր, ինչ հերթականությամբ ու տևողությամբ, ավելի վաղ ՝ մինչև նստաշրջանի մեկնարկը, որոշել էր Ազգային ժողովի խորհուրդը: Սա խորհրդարանի նոր կառույցներից է, որում ընդգրկված են ԱԺ նախագահությունը, հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: Խորհուրդը քառօրյաներից առաջ նիստեր է հրավիրում ու կազմում մեծ և փոքր օրակարգերը: Աշնանային նստաշրջանի օրակարգում 57 հարց է, քառօրյա նիստերի օրակագում՝ դրանցից 30-ը: Ի տարբերություն նախորդ նիստերի ՝ օրակարգն այսօր հաստատվեց առանց առարկությունների. պատգամավորները օրակարգի առնչությամբ վերապահումներ չունեին:

Աշխատանքը խորհրդարանը սկսեց միջազգային պայմանագրերից: Դրանց քննարկումով նախկինում ԱԺ-ն սովորաբար ավարտում էր աշխատանքը: Սա նախորդ նիստերից միակ տարբերությունը չէր: Այսուհետ, ինչպես ԱԺ նախագահը տեղեկացրեց, օրենսդրական փաթեթներն ու նախագծերը հաստափոր թղթային տարբերակներով չեն դրվի պատգամավորների սեղաններին, այլ նրանց հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով: ԱԺ նախագահությունը կարծում է, որ այսպես պատգամավորներն ավելի արդյունավետ կլինեն:
Արդյունավետությունն այսօր դրսևորվեց հարցերի արագ քննարկմամբ: Եթե պատկերավոր, ապա հիմնի հնչյուններից անմիջապես հետո պատգամավորներն անցան օրենսդրական աշխատանքին: Քննարկեցին մոտ 1 տասնյակ հարց ՝ հիմնականում միջազգային պայմանագրեր, որոնք փոփոխված կանոնակարգով արդեն խորհրդարան են գալիս օրենքի նախագծի կարգավիճակով: Դրանցից մեկով, օրինակ, նախատեսվում է առանց վիզայի ռեժիմ սահմանել Հայաստանի և Մոլդովայի միջև՝ ժամկետային սահմանափակմամբ: Երկու երկրների քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել կամ գտնվել մյուս կողմի տարածքում ՝ 90 օրը չգերազանցող ժամկետով:

Մեկ այլ համաձայնագրով էլ կառավարությունն առաջարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին և դրա անձնակազմին Հայաստանում տալ դիվանագիտական կարգավիճակ՝ դրանից բխող արտոնություններով ու անձեռնմխելիություններով: Կառույցի հետ Հայաստանը համագործակցում է, բայց այն ներկայացուցչություն մեր երկրում մինչ այժմ չունի: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասում է, որ նոր կարգավիճակը թույլ կտա ավելի արդյունավետ համագործակցել միգրացիոն հարցերով զբաղվող կառույցի հետ: Իսկ արդյոք դրա ներկայությունը կօգնի ավելի արդյունավետ պաշտպանել այլ պետություններում Հայասատնի քաղաքացիների միգրացիոն իրավունքերը: Քոչարյանն ասում է՝ այդ հարցին համաձայանգիրը չի առնչվում:
«Սա ավելի եվրոպական ուղղության կառույց է»:
Մի համաձայնգաիր էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների համատեքստում: Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է
վավերացնել «Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը: ՊԵԿ-ի ներկայացուցիչն ասում է՝ նպատակը մաքսային անցակետերում ծառայություններն ավելի մատչելի դարձնել է, 2 երկրների միջև առևտուրը խթանելը: Ելք խմբակցությունը հայ-իրանական հարաբերույթյունների խորացումը կարևորում է, համաձայնագրին կողմ կքվեարկի, բայց մինչ այժմ հայտարարված հայ-իրանական նախագծերի կատարողականը ցածր է գնահատում: Վերապահում ունի նաև սահմանային դարպասի առնչությամբ:

Փոխարենը նոր հնարավորություն` արտադրական նշանակության սարքավորումներ և հումք ներկրող ընկերությունների համար: Հաջորդ տարվա հունվարի 1-ից նրանք կազատվեն սահմանին ավելացված արժեքի հարկի վճարումից: Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում, որոնց նպատակը, ինչպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն է ասում, տնտեսավարողներին ազատ շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն տալն է:
«Կարող ենք թե ֆինանսական, թե ժամանակի առումով սա համարել համարձակ նախաձեռնություն, քանի որ ժամանակի ընթացքում եկամտային ազդեցությունը կարող է հասնել ընդհուպ մինչև 40 միլիարդ դրամի, սակայն կարծում ենք, որ երկարաժամկետ հատվածում այս միջոցառումը էական միջամտություն է ունենալու տնտեսական գործունեությունն ակտիվացնելու առումով»:
Ի դեպ, կառավրությունը բացառության է գնացել. ընդունվելու դեպքում օրենքը նաև հետադարձ ուժ կունենա: Գործադիրը կարծում է, որ կլինեն ընկերություններ, որոնք մինչև հաջորդ տարեսկիզբ արտադրական նշանակության մեքենասարքավորումներ և հումք ներմուծելու ծրագրեր կունենք: Որպեսզի նրանք չհապաղեն ու չսպասեն օրենքի ուժի մեջ մտնելուն, կառավարությունը նախագծում հետադարձ ուժի դրույթներ է նախատեսել:




