Հասարակություն

Ինչ պայմաններում եւ ինչ են ուտում երեխաները դպրոցում


Օքսֆամը Մոր և մանկան առողջության դաշինքի իր գործընկներների հետ համատեղ նախաձեռնել է Հայաստանի միջնակարգ դպրոցներում սննդի կանոններին ուղղված մոնիթորինգ: Հետազոտության այսօր հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ խնդրահարույց են դպրոցական սնուցման և սննդի կազմակերպման հետ կապված քաղաքականության կիրարկման ու մատուցվող սննդի տեսականու և բազմազանության հետ կապված բացերը։ Հայտնաբերվել են նաև սննդի անվտանգության հսկողության թերություններ և դպրոցական սննդի մատչելիության խնդիրներ։ Վերջինս պայմանավորված է նրանով, որ մարզերի շուրջ 25% և Երևան քաղաքի բոլոր դպրոցները դուրս են մնացել «Դպրոցական սնունդ» ծրագրից, ինչպես նաև դպրոցների մոտ մեկ երրորդում բացակայում է բուֆետը։

Զարգացող երկրներում՝ այդ թվում Հայաստանում, առկա է ինչպես երեխաների թերսնուցման և թերաճի, այնպես էլ գերքաշության խնդիրը: Գերքաշության միտումներ նկատվում են նաև դպրոցահասակ երեխաների շրջանում: Սնուցման խնդիրները մասամբ պայմանավորված են ոչ բալանսավորված սննդակարգով: Պարզելու համար, թե ինչ սնունդ են օգտագործում մեր դպրոցականները՝ Օքսֆամի նախաձեռնությամբ Հայաստանի 80 դպրոցներում իրականացվել է սննդի կազմակերպման իրավիճակի գնահատում: Հայտնաբերվել են խնդիրներ ու թերություններ՝ կապված դպրոցական սնուցման և սննդի քաղաքականության իրականացման, ինչպես նաև սննդի անվտանգության հսկողության և դպրոցական սննդի մատչելիության հետ: Դպրոցների 1/3-րդում ճաշելու համար բավարար պայմաններ չկան: Որոշ դպրոցներում պայմաններ չկան անգամ ձեռքերը լվանալու համար: Մասնավորապես՝ դրանք ապահոված չեն սանհանգույցներով և բավարար քանակությամբ լվացարաններով՝ նկատում է «Վստահություն» առողջապահական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանը:Ի տարբերություն մարզային դպրոցների՝ սանիտարահիգիենիկ պայմաններն անհամեմատ լավ են մայրաքաղաքում: Փոխարենը՝ այստեղ անհանգստացնող են սննդամթերքի տեսականու հետ կապված խնդիրները ինչպես ճաշարաններում, այնպես էլ բուֆետներում: Դիտարկված գրեթե բոլոր դպրոցների բուֆետներում հիմնականում վաճառվում են սննդարար ցածր արժեքով և առողջության ցուցանիշների վրա բացասական ազդեցությամբ օժտված անառողջ, գործող նորմատիվներին չհամապատասխանող կերակրատեսակներ: Դպրոցներում վաճառվում է հիմնական չթույլատրված սնունդ՝ նրբերշիկով, ապխտած երշիկով բուտերբրոդ, կրուասան, ձեթի մեջ տապակած մսով կարկանդակ, չիփս: Այս ամենին զուգահեռ չի կարելի անտեսել նաև դրական տեղաշարժը:  2010 թվականից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շնորհիվ հանրապետության մարզերի 1-4-րդ դասարանի երեխաներն  ապահովվում են սնունդով: Օրերս ծրագրի շահառու դարձավ նաև Տավուշի մարզը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը մեկնելով Հաղարծինի միջնակարգ դպրոց՝ անձամբ է ծանոթացել ճաշացանկին:Ծրագրի փոքրիկ շահառուներին հանդիպեցի դպրոցի ճաշարանում: Մինչ կմատուցեին հնդկաձավարով փլավը, հավի կրծքամսով պատրաստված սոուսն ու կաղամբով աղցանը, երեխաներից մի քանիսի հետ զրուցեցի: Պարզեցի, որ երեխաների ճաշակները հիմնականում համընկնում են:

Ծրագրից գոհ են հատկապես ծնողները, ի վերջո երեխաներն առողջ սնունդ են ուտում: Ծրագրից գոհ է նաև դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը: Ճաշացանկը կազմվում է շաբաթվա կտրվածքով, որի անբաժանելի մասն է միրգը:

Պարենի համաշխարհային ծրագրի կողմից դպրոցներին հատկացվող սնունդը ներառում է ձավարեղեն, ընդեղեն, բուսական յուղ, հնդկացորեն, կաթի փոշի և շաքարավազ: Անհրաժեշտ մյուս սննդամթերքները ձեռք են բերվում դպրոցների ծնողական համայնքի հավաքագրած գումարով կամ տրամադրվում է նրանց կողմից: Ծրագրում Երևանն ընդգրկված չէ, սակայն ԿԳ նախարարը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ ծրագիրն ի վերջո կհասնի նաև մայրաքաղաք:

Կարդացեք նաև

Back to top button