

Երեւանի Ադոնցի 6/1 հասցեում պետական ծրագրով պետծառայողների համար կառուցված բազմաբնակարանի շահառուները փակուղու առաջ են հայտնվել: Նախկինում մասնագիտական մի շարք խմբերի համար իրագործված բնակարանաշինության պետական ծրագրերի հանդեպ ձեւավորված վստահությունը չարաշահում են՝ պնդում են «Մատչելի բնակարան պետական ծառայողներին» ծրագրի շահառուները: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում տասնյակ քաղաքացիներ ներկայացնում են իրենց խնդիրները, որոնք թվարկելիս չգիտեն որից սկսել, որով ավարտել: «Երազ» թաղամասում բնակվելու հարցը մղձավանջ է դարձել, ասում են: Այնինչ, պարզվում է, քաղշինպետկոմի նախագահ Նարեկ Սարգսյանը դեռ նոր է պատրաստվում հետաքրքրվել խնդրի մանրամասներով:
Այս մարտի մեկից արդեն Ադոնցի 6/1-ի շենքն, ըստ պայմանագրի, պետք է հանձնվեր շահառուներին՝ բնակության համար պիտանի վիճակով: Քաղշինից եկել, նայել, արձանագրել ու, ինչպես բնակիչներն են ասում, շենքն ընդունել են: Խնդիրները սկսվել են հետո, երբ քաղաքացիները ոտք են դրել բնակարան: Նախ՝ տեխնիկական բազմաթիվ խնդիրներն են շահառուներին զայրացրել: Ներքին հարդարման անփութությունը դեռ մի կողմ՝ բոլոր բնակարանների տարածքը սխալ է չափագրվել: Շահառուներն իրենք են չափագրող բերել, հաշվարկել ու պարզել՝ ամեն բնակարան միջինում 4-5 քմ-ով ավելի է ներկայացվել, ինչը բնակիչներին միլիոններ է արժեցել: Աղմուկը տեղ է հասել: Քաշքշուկով, սակայն վերաչափագրում է կատարվել: Շենքի շահառու զրուցակիցներս շատ են, նրանց ներկայացրած խնդիրները՝ եւս: Պարզապես իրենք ներկայանալ չեն ցանկանում. պետական աշխատանք ունեն, պետական ծրագրից բողոքը կարող է ճիշտ չընկալվել:
«Մինչեւ հիմա 0.6 քմ-ով ավելի է հաշվարկված: Պայմանագիր չեմ կնքել, չեն էլ կանչել, ասացին՝ Ձերը կմնա ամենավերջում»,- ասում են շահառուները:
Լրջագույն խնդիրների պատճառով պետծառայողների համար կառուցված բազմաբնակարանի 4 մասնաշենքի շահառուները 7-րդ ամիսն է՝ չեն կարողանում բնակվել իրենց իսկ բնակարաններում. հոսանք չունեն: Շենքի շահագործման վերջնական ակտը ստորագրել է նաեւ ՀԷՑ-ը, ինչը ենթադրում է, որ այն պետք է էլեկտրական ենթակայաններ ունենար: Սակայն 4 մասնաշենքը հոսանքով ապահովող ենթակայան, որքան էլ զավեշտալի է, չկա: Կառուցված ենթակայանը կարող է ապահովել միայն երկու մասնաշենքը, մյուսների համար դեռ նոր սկսել են նորը կառուցել: Ե՞րբ պատրաստ կլինի, շահառուները չգիտեն. մեկին ասում են հոկտեմբերի 1-ին, մյուսին՝ նոյեմբերի: ՀԷՑ-ը հիմա մի մասի հետ պայմանագիր կնքելուց հրաժարվում է, մի մասի հետ էլ պայմանագիր ունի, բայց նորից հոսանք չի տալիս: Գրավոր դիմումներն էլ անպատասխան են մնում:
«Մենք ինչու պետք է «Միկշինի» ու առհասարակ կառուցապատողի հետ մեր հարցերը քննարկենք: Քաղշինն է ընդունել մեր բնակարանները մարտի մեկով, ինչը ենթադրում է, որ ինքը բնակիչներին պետք է բնակարանները հանձներ հիմնական պայմանագրերի կնքման միջոցով, ու բնակիչները հնարավորություն ունենային այդ բնակարանները տնօրինելու ու շահագործելու»,- նկատում են շահառուները:
Եթե հոսանքի միացման պայմանագիր ունեմ, ու ինձ «ՀԷՑ»-ից ասում են՝ գնա, ուզում ես տուր դատարան, ինչ ուզում ես արա, դա չի նշանակո՞ւմ, որ դատարանից էլ չեն վախենում: Այսինքն՝ սա այս երկրում անտիրության, անպատժելիության վիճակ է:
Հայաստանի Էլեկտրական ցանցեր ընկերությունից մեր բարձրացրած պատասխանին այսպես արձագանքեցին՝ «զբաղվում ենք խնդրով»:
Խնդիրները սրանով չեն ավարտվում: Շենքի կառուցապատող «Միկշին»-ը, շահառուների բնորոշմամբ, լկտի մոտեցում է որդեգրել: Օգտվելով խոցելի վիճակից՝ այն ամեն կերպ դրդում է ստորագրել պայմանագիր, որով համատիրության գործառույթները պետք է ստանձնեն նույն «Միկշինի» հետ փոխկապակցված անձինք: Այդ պայմանագրով՝ բնակիչները պետք է շենքի սպասարկման համար ամսական վճարեն 24 հազար դրամ: Ինչպե՞ս է այդ հսկա գումարը հաշվարկվել, ոչ մի կերպ չեն հասկանում:
Այս գումարը չի ներառում տաք ջրի ու ջեռուցման գինը. դրանց համար եւս անհասկանալի բարձր սակագին է հաշվարկվել, այն դեպքում, երբ օրենքով շենքի կաթսայատունը բնակիչներին է պատկանում: Սպասարկման այս պայմանագիրը որեւէ կապ չունի տաք ջրի ու հոսանքի հետ, սակայն այն չստորագրողներին «Միկշինը» կամայաբար տաք ջուր ու հոսանք չի տրամադրում, ցանկացած ժամանակ էլ անջատում է, ավելին՝ սպառնում՝ ««կհանդիպենք» ջեռուցման շրջանում, «սեւ ցուցակով»:
«Ասում են՝ 50+1 տոկոսի դեպքում կարող եք չստորագրել պայմանագիրը, 24 հազարը չվճարել, սեփական համատիրությունը ստեղծել: Բայց այսօր մարդկանց սեփականաշնորհման վկայագրեր չեն տալիս, խոչընդոտներ են ստեղծում միայն պայմանագիրը չկնքելու պատճառով»:
«Միկշինի» սպասարկման գծով պատասխանատու Կարեն Ղազարյանը մեղադրանքները ծիծաղելի է համարում: «Իրավունք չունեմ ու չեմ կարող նման բան անել», նշում է զրուցակիցս ու ցավալի համարում, որ պետական ծառայողներն այդպիսի մեղադրանք են հնչեցնում: Իսկ հոսանքի խնդրի հասցեատեր իրենց առհասարակ չի համարում: 11-5 Մի բան կարող եմ հստակ ասել՝ նման բան չկա: Փորձում ենք ծրագիրն իր նպատակին ծառայեցնել:
Ծրագիրն իրականացնող քաղշինպետկոմիտեն դիտորդի դեր է ստանձնել, ու բնակիչները չեն հասկանում, թե ինչու են իրենք կառուցապատողին դեմ հանդիման միայնակ մնացել: «Ռադիոլուր»-ը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահից փորձեց պարզաբանում ստանալ: Նարեկ Սարգսյանը նախ զարմանքով հարցրեց, թե ինչ խնդիր կա: Հարցից, թե ինչու մինչ այժմ տեղյակ չէ խնդրին, Նարեկ Սարգսյանը վրդովվեց ու շեշտեց՝ «հիմա ինչ եք ուզում պատասխանեմ, կզբաղվեմ այդ հարցով»:
«Ես տեղյակ եմ, որ այդ խնդիրը կար, բայց, որ մինչ այժմ չի լուծվել, տեղյակ չեմ: «Մարդիկ մեղադրում են՝ ասելով՝ իրենց միայնակ եք թողել կառուցապատողի հետ խնդիրներով»՝ «Ռադիոլուր»-ի դիտարկմանը՝ արձագանքեց՝ «ինչ ասեմ, մենք մենակ չենք թողել բոլորովին: Ինչ խնդիր ունեցել են, մենք օպերատիվ արձագանքել ենք, դա ճիշտ չէ: Ասացի՝ ես տեղյակ չեմ, որ չի լուծվել խնդիրը, ես կզբաղվեմ»:
Շահառուները բողոքում են նաեւ՝ իրենց պարտադրվում է ամեն ինչ. վարկատու բանկն՝ իրենց ուզածը, նոտարն՝ իրենց ուզածը, ապահովագրողն՝ իրենց ուզածը, սպասարկողն՝ իրենց ուզածը: Անգամ կապի օպերատորն է իրենց ուզածը: Ընտրության ոչ մի հնարավորություն: Իրենց վարկն արդեն ամիսներ ի վեր պարտաճանաչ մարող պետծառայողները բազմիցս բանավոր, գրավոր դիմել են «ՀԷՑ»-ին, «Միկշինին», քաղշինպետկոմիտե, սակայն այս կառույցները հերթով, որպես խնդիրների հասցեատեր, մյուսներին են մատնացույց արել:
Հարյուրավոր շահառուներ չգիտեն իրենց անելիքը: Նրանց բոլորի անունից շուրջ 4 տասնյակ շահառու ստորագրություն է տվել ու դիմում ուղղել վարչապետին: Ասում են՝ ժամանակն է, որ պետական ծրագրի այս անպատժելի չարաշահումն՝ արձագանք, իսկ իրենց խնդիրները՝ լուծում գտնեն: Հատկանշական է, որ ծրագրի որակով եւ ժամկետում կատարման պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը. այդպես հայտարարված էր ի սկզբանե: Ու հարց է ծագում՝ որտեղ ավարտվեց կառավարության պատասխանատվությունը:
Արդեն եթերից հետո «Ռադիոլուրի» բարձրացրած հարցին արձագանքեց նաեւ ՀԷՑ-ը: Վրդովված «Միկշինի» մեղադրանքից՝ ՀԷՑ-ից նկատեցին, որ ենթակայան կառուցելու տարածքի տրամադրման հարցը առնվազն անիմաստ է վերագրել իրենց: Ինչ վերաբերում է ենթակայանի կառուցման ժամկետերին, ապա, ըստ պարզաբանման, այն պատրաստ կլինի նոյեմբերի վերջից ոչ շուտ, դա էլ ռեկորդային արագությամբ կառուցելու դեպքում:
ՀԷՑ-ը, հաշվի առնելով շահառուների խնդիրը, փորձում է հնարավորին չափ արագ ավարտին հասցնել աշխատանքները:




