Հասարակություն

Քարահունջի գաղտնիքների հետքերով

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Քարահունջը աստղադաւտարա՞ն, դամբարա՞ն, թե՞ մեկ այլ բան: Զորաց քարերի շուրջ ծավալված բանավեճը դեռ շարունակվում է:

Զորաց քարերի շուրջ ծավալված բանավեճը գիտնականներին ու հետազոտողներին բաժանել է երկու խմբի։ Նրանց, ովքեր համոզված են, որ գործ ունեն աշխարհի հնագույն աստղադիտարանի հետ և նրանց, որոնք կարծում են, որ խոսքը ոչ պակաս հնագույն դամբարանի մասին է: Կենտրոնական դամբարանի պեղումներն առայժմ գիտնականներին թույլ չեն տալիս ասել, թե գործ ունենք հնագույն աստղադիտարանի հետ:

Հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանն օրեր առաջ ներկայացրեց այն գտածոները, որոնք ապացուցում են դամաբարանի առկայության մասին: Դրանք են՝ բրոնզե ապարանջաններ, երկաթե նիզակներ, խեցեղեն ու անգամ կմախքներ:

Ըստ Փիլիպոսյանի՝ հիմա անգամ անգլիացիներն են կասկածի տակ դրել հայտնի Սթոունհենջի՝ աստղադիտարան լինելու վարկածը: Ավելին, կան ապացույցներ, որ դա կրոնական ծիսական արարողությունների վայր է եղել, անգամ մարդկային զոհաբերություններ են կատարվել: Հետևաբար, այս պահին չարժե անգամ քննարկել Զորաց քարերի ու Սթոունհենջի միջև հնարավոր կապը, հատկապես, որ թե՛ Մեծ Բրիտանիայում, թե՛ Հայաստանում այսօրինակ հնագիտական հուշարձաններ էլի կան:Այս կարծիքի հակառակ ճամբարում գիտնականները մնում են այն համոզմանը, որ ծիծաղելի է անգամ կասկածի տակ առնել Քարահունջի աստղադիտարան լինելու փաստը: Մաթեմաթիկոս Վահագն Վահրադյանն ասում է՝ չենք ժխտում, հնարավոր է այնտեղ կա դամբարան, բայց դա չի ժխտում աստղադիտարանի փաստը:

Արդեն կան գտածոներ, որ ապացուցում են՝ Զորաց քարերում դամբարան է, իսկ որոնք են այն ապացույցները, որոնք կասկածի տակ չեն դնում աստղադիտարան լինելու փաստը: Մաթեմաթիկոսն է պատասխանում:

«Իմ հետազոտությունը ցույց է տվել, որ քարերի դասավորությունը կրկնում է անձի համաստեղությունը, ինչը խոսում է աստղագիտության հետ լուրջ կապի մասին»:

Հարցին, թե ում է պետք հերքել Քարահունջի աստղադիտարան լինելու վարկածը, որը Վահրադյանը համարում է ապացուցված փաստ, ինքը չգիտի: Բայց վստահ է՝ դա արվում է միտումնավոր։

Կարդացեք նաև

Back to top button