

Օրերս Նարեկացի արվեստի միությունում «Երաժշտություն և պլաստիկա»խորագրով կազմակերպվել էր ցուցահանդես-համերգ, որտեղ բացվեց երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանի կերտած Դանիել Երաժշտի դիմաքանդակը: Երիտասարդ քանդակագործը կարողացել է շունչ ու ոգի դնել քանդակի մեջ երաժշտության օգնությամբ:
Միևնույն հարթակում երկուսով են, նույն ինքը Շարական համույթի գեղարվեստական ղեկավար, ջութակահար, դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Գրիգոր Դանիելյանը կամ Դանիել Երաժիշտը: Նրանք կարծես իրար հետ խոսում են, կռվում ու հաշտվում, և այս ամենը միայն երաժշտության միջոցով: Երաժշտությունը ոգեշնչում է դիրիժորին՝ արտահայտելու իր հոգու հույզերն ու պոռթկումները, իսկ քանդակագործին՝ որսալու բնորդի յուրաքանչյուր դիմախաղը և անմահացնելու: Հենց այդպես էլ ծնվեց Դանիել Երաժշտի դիմաքանդակը: Քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը նշեց, որ հեշտ է աշխատել Վանիել Երաժշտի հետ, դժվարը՝ երաժիշտ-դիրիժոր կերպարն արտահայտելն էր, իսկ անհատական շփումները սահուն են անցել:
Աշխատանքում դժվարություներ եղել են, սակայն այստեղ օգնության է հասել երաժշտությունն ու բնորդ- արվեստագետի հումորը: Երիտասարդ քանդակագործն ասում է. «Դանիել Երաժիշտը կարծես ինձ համար համերգ էր կազմակերպում, որտեղ ես տեսնում էի իր դեմքի արտահայտությունն ու այն էմոցիաները, որոնք համերգների ի ժամանակ են փոխանցում»:
Ռաֆայել Մանուկյանը չնայած իր երիտասարդ տարիքին մի շարք մրցույթների մրցանակակիր է, բազմաթիվ քանդակների հեղինակ, որոնք ցուցադրվել են մշակութային տարբեր կենտրոններում: Հատկապես աչքի են ընկնում Կոմիտասի, Նարեկացու, Սահյանի, Մհեր Մկրտչյանի, Բեթհովենի քանդակները: Ռաֆայելը առանձնահատուկ մոտեցում ունի Կոմիտասի նկատմամբ: Վարդապետին նվիրված քանդակները մի քանիսն են: Աշխատանքները ծնվում են սիրով, իսկ մինչ այդ երկար ուսումնասիրում է կերպարը, ընկալում նրանց հոգեվիճակը, լսում սրտի զարկը և ուրվագծում էսքիզը:
«Քանդակին եթե էություն չարտահայտես ու չտեսնես այն՝ ուղղակի դիմագծեր կլինեն: Եթե պոետ ես քանդակում, պետք է նրա մեջ լինի պոեզիա, իսկ եթե երաժիշտ՝ երաժշտություն, այնպես, որ նայողը հասկանա, որ սա երաժշտի քանդակ է», — ասում է Ռաֆայել Մանուկյանը:
Ցուցահանդեսի միակ նմուշի ցուցադրության մասին տպավորություններով կիսվեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:
«Ռաֆայելը այն լռակյաց մարդկանցից է, որ առաջին տպավորությունից չես հասկանա, որ նա այսքան տաղանդավոր քանդակագործ է: Ես չէի ակնկալում, որ նա այսպիսի քանդակի հեղինակ է, այդպիսի քանդակ պետք է ակնկալել ավելի հասուն, փորձառություն ունեցող, կյանք ապրած քանդակագործից: Ամեն քանդակ այս ոգին չունի, շատերը ընդամենը ձուլվածք են»:
Ռաֆայել Մանուկյանի միտքը շարունակ զբաղված է, հայացքը՝ պրպտող: Ստեղծագործում է յուրաքանչյուր վայրկյան, մտովի ուրվագծում, ապա անցնում գործի՝ կռիվ տալով կավի հետ:




