Հասարակություն

Քամին խոչընդոտում էր հրդեհաշիջման աշխատանքներին (տեսանյութ)

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Այսօր արդեն հինգերորդ օրն է Բյուրականի անտառում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել։ Այսօր իրավիճակը ավելի է բարդացել. բռնկված հրդեհը տարածվել է անտառում, որի որոշ հատվածներ անանցանելի են։ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանի փոխանցմամբ՝ վերջին տվյալներով հրդեհվել է 100 հա խոտածածկ տարածք։ Հրշեջները չեն կարողանում մարել կրակը՝ ուժեղ քամու պատճառով։ Անտառը խիտ է, այդ իսկ պատճառով փրկարարները տեխնիկայի միջոցով չեն կարողանում աշխատել։ Բռնկված հրդեհի ծուխը երևում է մի քանի կիլոմետրից։ Անտառից ոչ շատ հեռու բնակելի գյուղեր են։ Հրդեհի բռնկման օրից մարման աշխատանքներին մասնակցում են նաև այդ գյուղերի բնակիչները։

 

 

Բյուրականում անտառային հրդեհի վայր հասնելու համար երկար ճանապարհ է պետք անցնել: Դեռ մայրուղուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա էլ տեսնելի էր վառվող անտառի ծուխը:
Այրվող հատվածի մոտակայքում ճանապարհը փակ էր՝ ոստիկանության աշխատակիցը ստուգում էր, նոր միայն, թողնում մտնել տարածք: Ճանապարհի հենց սկզբում, որտեղ հիմնականում խոտածածկ տարածքն էր, շրջակա գյուղերի բնակիչները ավելներով, փայտերով ու ճյուղերով փորձում էին հանգցնել կրակը: Ինձ մոտեցավ գյուղացիներից մեկը ու բողոքեց՝ հրշեջները ոչինչ չեն անում: Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Արտակ Նահապետյանի ու գյուղացու միջև փոքրիկ վեճ սկսվեց:Արտակ Նահապետյանն ասում է՝ այս օրերի ընթացքում սրտացավ աշխատող միայն մի գյուղացի է եղել: Քաղպաշտպանության վարչության պետը մտահոգված է, հրդեհի պատճառը՝ մարդկային գործոնն է:

Իրականում սխալ է ասել, որ գյուղացիներն այնտեղ չէին և չէին օգնում, սակայն ճիշտ չէ նաև ասել, որ հրշեջները ոչինչ չեն անում, ինչպես մեզ սկզբում փորձում էին հավատացնել գյուղացիները:

Ճանապարհի ամբողջ երկարությամբ հրշեջներն էին: Նրանց արյունոտ աչքերը, հոգնած դեմքերը ցույց էին տալիս, թե ինչպիսի ծանր աշխատանք է նրանց բաժին ընկել։ Ընդամենը մի քանի րոպե մնացի հրդեհի այս օջախում, որից հետ երկար ժամանակ աչքերս ծխից մրմռում ու արցունքոտվում էր։ Իսկ նրանք արդեն 5- րդ օրն է փորձում են հանգցնել հրդեհը։ Հրշեջների գերխնդիրը մնում է ճանապարհային հատվածների կրակը հանգցնելը: Ասում են՝ ամենավտանգավոր հատվածն է:

Կրակի տարածումը կանխելու համար Բյուրականի բնակիչները ծանր տեխնիկայով անտառմիջյան խոտածածկ ճանապարհը բաժանում էին իրարից: Մասնագետների խոսքով, դա կօգնի խուսափել նոր օջախներից։

Այսօր հրշեջների աշխատանքին ամենաշատը խոչընդոտում է քամին։

Կարդացեք նաև

Back to top button