

Հայաստանից արտագաղթի մտահոգիչ վիճակագրության համատեքստում վերջերս մի նոր մտահոգիչ երեւույթ է ի հայտ եկել: Առողջապահական համակարգի հանդեպ անվստահությունը, բուժման առավել հին մեթոդները, անվճար բուժօգնության անլիարժեքությունը շատ հիվանդներիդ ստիպում են հայացքն ուղղելն արտերկիր՝ մասնավորապես Գերմանիա: Մյուս կողմից հիվանդների հետ միասին ավելանում է նաեւ բժիշկների հոսքը նույն այդ երկիր: Մասնագետներն էլ իրենց պատճառներն ու խնդիրներն ունեն: Հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Գերմանիայում այժմ շատ ու շատ խստացվել է հիվանդների ընդունումը։
Թարգմանչական իր աշխատանքի 15 տարվա ընթացքում Մարիա Բալայանը հայերենից գերմաներեն թարգմանած բազմաթիվ փաստաթղթերից առանձնացնում է հիվանդությունների պատմությունները: Եվ շատ են, եւ մտահոգիչ՝ պատմում է զրուցակիցս: Հայաստանից Գերմանիա գնում են հիմնականում բուժման նպատակով՝ նկատում է Բալայանը:
«Չեմ ուզում փնովել տեղի մասնագետներին, բայց մարդկանց որոշ մասը Հայաստանից Գերմանիա գնում է առավել ճշգրիտ ախտորոշում ստանալու կամ երկրորդ կարծիք լսելու նպատակով: Մյուս մասը գնում է անվճար բուժում ստանալու նպատակով: Ցավոք՝ այստեղ որոշ հիվանդությունների բուժումը շատ թանկ է, եթե, իհարկե, այդպիսին կա: Ընդ որում, գնում են շատ տխուր՝ փախստականի կարգավիճակով»:
Հիվանդությունները, որոնց բուժումը հայերը Գերմանիայում են փնտրում, շատ են ու բազմաթիվ, խնդիրներ, որոնք այնտեղ այլեւս դատավճիռ չեն, իսկ մեզ մոտ դեռ համարվում են անբուժելի: Բուժման արդյունավետության հիմքում անհատական բուժման սխեմաներն են, ոչ թե բոլորի հանդեպ նույն դեղատոմսի կիրառումը, ինչպես մեզ մոտ՝ նկատում է Մարիա Բալայանը:
Քիմիոթերապիայի կուրսի ստացումից մինչեւ քաղցկեղի ու ցրված սկլերոզի բուժում. գերադասելի բուժումը Գերմանիայում են փնտրում: Խնդիրների շարքը լուծումների շարք է պահանջում՝ ասում է զրուցակիցս:
«Պետք է մասնագետները վերապատրաստվեն դրսում: Մենք ունենք շատ լավ կադրեր, որոնք ժամանակակից սարքավորումների վրա աշխատելու հմտությունների պակաս ունեն: Այստեղ պետք է զարգացնել բժշկական ինժեներիան, որը վաղուց կա Գերմանիայում»:
Վերջին 3-5 տարում Հայաստանից հիվանդների հոսքը դեպի Գերմանիա զգալիորեն ավելացել է՝ իր հերթին պատմում է Գերմանիայում գործող «Հայ ակադեմիականների միության» նախագահ, համայնքային գործիչ Ազատ Օրդուխանյանը: Նա Հայաստանից մեկնողների հետ մշտական կապի մեջ է. միշտ խնդրում են օգնել թե բուժումը կազմակերպելիս, թե, որքան էլ ցավալի է, մահացածների տեղափոխելիս։ «Ռադիոլուրի» զրուցակիցն առաջին հայացքից սովորական այս երեւույթի տակ մի շարք խիստ մտահոգիչ պատճառներ է տեսնում:
«Հայաստանյան առողջապահական համակարգի հանդեպ վստահությունը բավական կտրուկ անկում է սկսել ապրել, իսկ գերմանական համակարգը դիտվում է որպես վերջին կամ խոստումնալից օղակ: Մարդիկ ցանկանում են ամեն գնով փրկել իրենց կյանքը»:
Օրդուխանյանը ցավով նկատում է, որ մեկնողները խնդիրների մի ողջ շղթայի են բախվում: Նախ՝ հաճախ Գերմանիա հասնում են արդեն հիվանդության առավել բարդ փուլում: Երբեմն բաղձալի երկիր հասնելն էլ այլեւս փրկություն չի լինում: Մյուս կողմից էլ այդ երկրի ներկա քաղաքականությունը չափազանց խստացվել է. «Ապաստանյալների հանդեպ նախկին լիբերալ մոտեցումը չկա փախստականների մեծ հոսքի պատճառով»:
Գերմանիայում մարդիկ հիմա չափազանց հաճախ են հայտնվում անօգնական վիճակում, դա Հայաստանում այնքան էլ լավ չեն պատկերացնում: Կտրուկ որոշումներով երկրից արտաքսվում են անգամ տարիներով այնտեղ բնակվող հայ ընտանիքներ: Մի քանի տարի առաջ մարդիկ հանձնվում էին եւ հումանիտար հիմքով անվճար բուժում ստանում: Հիմա վիճակը փոխվել է, ծախսերը՝ զգալիորեն կրճատվել:
«Ծանր հիվանդությունները հիմնականում, այո, բուժվում են էստեղ: Հիվանդների մեծ մասին գոնե ինտենսիվ բուժման ընթացքում հանդուրժում են այստեղ»։
Գերմանացի մասնագետները ապշած են մեր երկրում հիվանդությունների երիտասարդացումից, մի քանի տարեկան երեխաների մոտ քաղցկեղ հանդիպելու դեպքերից՝ պատմում է զրուցակիցս:
«Մեր պետական մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն սոցիալական այս մեծ աղետին, որ այս հարցն ինչ-որ լուծում գտնի: Մեր համայնքները վերածվել են թաղման բյուրոյի: Մշտապես պետք է կամ այստեղ թաղում կազմակերպենք, կամ դիակները ուղարկենք Հայաստան: Սա սարսափելի զարգացում է, սարսափելի»:
Խնդիրն այլ կողմ էլ ունի, որը ներկայացնում է գերմանագետ, թարգմանիչ Ռուզաննա Հովսեփյանը: Նա, հաշվի առնելով պահանջարկը, նախաձեռնեց հայ բժիշկներին գերմաներենի ուսուցման ծրագիր, մշակեց կրթական նյութեր, որոնք անհրաժեշտ են Գերմանիայում քննություն հանձնելու եւ աշխատանք գտնելու համար: Մեկնարկը տվեց, իսկ հիմա պատմում է, հոսքն անսպառ է, վերջին մեկ տարում՝ հատկապես: Նախկինում առավել մեծ թվով գնում էին ուսանողները՝ բժշկական կրթությունն այնտեղ շարունակելու համար:
«Հիմա արդեն բժիշկ-մասնագետներ են գնում՝ այսինքն այն մարդիկ, ովքեր արդեն աշխատում են Հայաստանում, ու տարբեր պաշտոններ ունեն՝ ասիստենտից սկսած՝ մինչեւ բաժանմունքի վարիչ նույնիսկ»:
Հայաստանից գնում են բժշկական ամենատարբեր մասնագիտացում ունեցող կադրեր: Որոշ մասը լեզվական, մասնագիտական խնդիրների պատճառով վերադառնում է, բայց ավելի մեծ մասը հաջողում ու հաստատվում է այդ երկրում. Ռուզաննայի դիտարկումներն են: Գերմանիայում գնահատում են հայ հմուտ մասնագետներին՝ ասում է: Գերմաներեն սովորող բժիշկների հետ մասնավոր զրույցները Ռուզաննայի համար պարզ են դարձնում նրանց հիմնական նպատակը:

«Ցավոք՝ ուզում են գնալ ու մնալ, քանի որ նրանք բոլորը դժգոհ են այստեղի առողջապահական համակարգից, իրենց աշխատանքից, աշխատանքի ծավալի դիմաց ցածր վարձատրությունից: Վերապատրաստվել եւ հետ գալ կարող է խոստանալ հազարից մեկը, բայց հարց է՝ կվերադառնա՞, թե՞ ոչ»:
Բոլոր խնդիրների հիմքում զրուցակիցներս տեսնում են Հայաստանի ներքին քաղաքականության լրջագույն խնդիրներն ու առողջապահության բացերը, որոնք, Ազատ Օրդուխանյանը սոցիալական աղետի պատճառ է համարում:




