Քաղաքական

Բաքվի հայատյացության ռուսաստանցի մունետիկը


Տուլայից պատմաբան Օլեգ Կուզնեցովի հայատյացություն սերմանող գիրքը դարձյալ փորձագիտական հետազոտության է ուղարկվել: Այն ամբողջությամբ ողողված է հայատյացության քարոզով: Գրքում հեղինակը նշում է, թե իբրև ինքը համարձակություն է դրսևորում հիշեցնելու ռուսներին ու ռուսախոսներին, որ աշխարհին և մարդկության անվտանգությանը հայկական ահաբեկչության սպառնալիքը եղել է ու շարունակում է գոյություն ունենալ: Մտացածին այս աշխատության տարածումը կանխելու նպատակով համապատասխան քայլեր է ձեռնարկում «АРМРОСС» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը: Հարցին տեղյակ է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:

 

Հայերին իբրև հրեշ, մարդասպան ներկայացնելու ադրբեջանական գործելաոճը նորություն չէ որևէ հայի համար։ Սակայն նույն այդ գաղափարները Բաքուն փորձում է տարածել նաեւ այլ երկրներում։ Նման մի գիրք է Տուլայից պատմաբան Օլեգ Կուզնեցովի «Հայկական անդրազգային ահաբեկչությունը 20- րդ հարյուրամյակում, պատմա-քրեաբանական հետաքննություն» աշխատությունը։

Հայերի նկատմամբ ատելություն քարոզող այս գիրքը հասանելի է ՌԴ գրադարանային ֆոնդերում և հեղինակի անձնական կայքում: Այնտեղ նշվում է, թե հայերն իբրև ունակ չեն ինքնուրույն պետականություն ստեղծել, փորձում են ներկայանալ իբրև ժամանակակից ազգ բացառապես ազգային-կրոնական ծայրահեղականության ու քաղաքական ահաբեկչության մեթոդներով: Մտավախություն կա, որ այս միտումնավոր խեղաթյուրված մոտեցումը կարող է տարածում գտնել, ու որոշ ժամանակ անց, անգամ, հայտնվել տարբերի երկրների դպրոցական դասագրքերում:

Գրքում ատելության բորբոքմանն ուղղված ձևակերպումներ կան, ազգային արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ և նման գրքի տարածումը կարող է  դիտարկվել իբրև հանցագործության՝ ՌԴ ՔՕ 1 հոդվածի 282 մասի՝ ազգամիջյան թշնամանքի սերմանում՝ հատկանիշներով:

Գիրքը, բնականաբար, առաջացրել է հայերի արդարացի դժգոհությունը և «АРМРОСС» իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը 2015 թվականին արդեն ձեռնամուխ է եղել, որպեսզի Կուզնեցովի գրքի ծայրահեղականությունը ստուգելու համար փորձագիտական հետազոտություն նշանակվի: Եզրակացության հեղինակ փորձագետները, սակայն, գրքում ծայրահեղականություն չեն ցանկացել տեսնել։ Փաստաբանը փորձագիտական լրացուցիչ հետազոտություն է պահանջել ու մինչև այս ամսվա վերջ կներկայացվի հերթական եզրակացությունը:

Գրքին իրավաբանական գնահատական տալու անհրաժեշտություն կա, քանի որ այն, ըստ մոսկվաբնակ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանի, թարգմանվել է նաև գերմաներեն ու ներկայացված է Գերմանիայում: Գիրքը Ֆրանսիայում նույնիսկ արժանացել է մրցանակի, այսինքն՝ հայատյացության քարոզը փորձ է արվում տարածել այլ երկրներում ևս:

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն»  հ/կ ղեկավար Արմինե Ադիբեկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում գերադասեց խոսել Կուզնեցով անձի ու նրա նպատակների մասին: Նա անհայտ մեկն է, և այս գրքի շուրջ առաջացած աղմուկի շնորհիվ, փաստորեն, գումար ու ճանաչում է ձեռք բերում՝ ասաց:

Այո, պայքարել պետք է նման գաղափարների տարածման դեմ՝ ասում է սոցիոլոգ Ադիբեկյանը, սակայն մի նկատառում է նաև ներկայացնում, դա այն հարցը չէ, որի դեմ պետք է Հայաստանի Հանրապետությունը հանդես գա:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի մամուլի խոսնակ Լեւոն Թորգոմյանն անդրադառնալով հարցին, «Ռադիոլուր»-ին ընդամենը տեղեկացրեց, որ մի շարք համայնքների ներկայացուցիչներ հայատյացությամբ հեղեղված այդ գրքի հրատարակությամբ մտահոգված դիմել են դեսպանատուն, և հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:

Եթե այս անգամ էլ փորձագիտական եզրակացությունը բացասական լինի, ինչը միանգամայն հավանական է համարում փաստաբանը, փաստաբանների խումբը մտադիր է այն բողոքարկել դատական կարգով:

Ի դեպ, փաստաբանը նշեց, որ կան անհանգստացնող փաստեր և  ուժեր, որ ընդդիմանում են  իրանց պայքարին: Անգամ սպառնալիքներ են հնչում Ռուբեն Կիրակոսյանի հասցեին։

Իսկ ահա «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հ/կ ղեկավարը վստահ է՝ հակահայկական գրառումների տարածումն ամենևին Ադրբեջանի գաղափարը չէ, դրա կնքահայրը Թուրքիան է։

Կարդացեք նաև

Back to top button