Հասարակություն

Հացը և միսը այսօրվանից կտեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով


Սեպտեմբերի 1-ից հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր պայման է: ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը Ռադիոլուրին հայտնել է, որ ծառայությունը լայնածավալ միջոցառումներ է իրականացնելու եւ օրենքի պահանջը չկատարողների նկատմամբ կիրառելու է վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ մինչեւ 300 հազար դրամ տուգանք: Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները, սակայն, լավատես չեն եւ չեն կարծում, թե խնդիրը հնարավոր է արագ լուծվել:  

ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի փոխանցմամբ՝ այսօրվանից հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալու պարտադիր պահանջը գործում է պետական գնումներով մատակարարումներ իրականացնողների եւ Երեւան  քաղաքի հանրային սննդի օբյեկտներին մատակարարողների համար: Երկու օր առաջվա դրությամբ՝ 70-ից ավելի տրանսպորտային միջոցի արդեն տրամադրված էր սանիտարական անձնագրերը: Կային նաեւ հայտեր, որոնք քննարկման փուլում էին:

Օգոստոսի վերջերին որոշ լուրեր տարածվեցին, թե հացարտադրողները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել գյուղնախարարության սննդի անվտանգության պետական  ծառայության շենքի դիմաց՝ պատճառաբանությամբ, որ հաց և հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրերի ձեռքբերման ժամկետը շատ սեղմ է: Վահե Դանիելյանը, սակայն, մեզ փոխանցեց, որ նման խնդրով իրենց ընդամենը մեկ-երկու արտադրող է դժգոհություն հայտնել:

ՀՀ հանրային խորհրդի անդամ, ԳՆ ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանը կիսում է հացարտադրողների դժգոհությունները: Թեպետ՝  նա նշեց, որ կողմ է ՍԱՊԾ-ի ներկայացրած պահանջին, որ հացը պետք է տեղափոխվի համապատասխան սանիտարահիգիենիկ պահանջներին բավարարող ավտոմեքենաներով:

«Բայց միանգամից մեր ժողովրդի մոտ դա չի ստացվի: Պետք էր ժամանակին հայտարարել, տեղյակ պահել, որ այսպիսի նպատակ ունենք, այսպիսի ծրագիր ունենք՝ կամաց-կամաց պատրաստվեք. ես ձեզ տալիս եմ մեկ տարի ժամանակ, որ այդ մեքենաները ձեռք բերեք եւ այլն, եւ այլն: Այ, դրանից հետո, եթե դուք չենթարկվեք օրենքին կտուգանվեք այսքան: Գիտեք՝ մեր ժողովուրդը կարգունանոն է պահում այն ժամանակ, երբ որ գրպանին են կպնում»:

Վահե Դանիելյանի խոսքով, մինչդեռ, ընդհանուր առմամբ հացարտադրողներին բավականին ժամանակ տրվել էր՝ սանիտարական անձնագիր ստանալու համար տրանսպորտային միջոցները ներկայացված պահանջներին համապատասխանեցնելու:

«Արտադրողներին ժամանակ տրվել էր դեռեւս հունվար ամսից, երբ մենք ոլորտային քննարկումներ կազմակերպեցինք, եւ արդեն իսկ այդ ժամանակվանից ծանուցվել են մարդիկ: Մարտ ամսին, երբ ՍԱՊԾ պետի հրամանը եղավ, ժամանակացույցը հաստատվեց»:

Վահե Դանիելյանը վստահեցրեց, որ հենց այդ ժամանակ թե՛ Երեւան քաղաքում, թե՛ մարզերում արտադրողներին ծանուցումներ են ուղարկվել: Հարցը բարձրացվել է նաեւ լրատվամիջոցների օգնությամբ՝ ասաց:

«Այնպես որ նրանք բավականին ժամանակ ունեին՝ տվյալ հարցին պատրաստվելու համար»:

Դոնարա Ալեքսանյանը, սակայն,  կարծում է, որ ներկայացված պահանջներին փոխադրամիջոցները համապատասխանեցնելու համար հացարտադրողներին տրված ժամկետը միանշանակ քիչ է եղել: Նա լավատես չէ, որ բոլորը կբավարարեն այդ պահանջը ու չեն լինի կարգը խախտողներ, հետեւաբար՝ նա կոչ է անում, որ սպառողներն իրենք էլ պաշտպանեն իրենց իրավունքները, ինչի արդյունքում խնդիրն ավելի շուտ կարող է լուծվել:

Միաժամանակ, Դոնարա Ալեքսանյանը հավելեց նաեւ, թե  կարծում է, որ այս գործընթացում ի հայտ կգան նաեւ ստվերային արտադրողները, ինչը օգտակար կլինի: Նա համոզված է, որ հացի արտադրության շուկայում վերահսկողությունը շատ ավելի խիստ պետք է լինի եւ ոչ միայն հացամթերքի փոխադրման համար ներկայացվող պահանջների առումով: Ըստ նրա՝ հատկապես վերահսկողությունը պետք է խստացվի ներքին սանիտարահիգիենիկ պայմանների առումով՝ սկսած աշխատողներից:

Կարդացեք նաև

Back to top button