Օգոստոսի 31-ին` 2017-2018 թթ. ուսումնական նոր տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Մայր Տաճարում արարողությանը ներկա էին Ազգային Ժողովի Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պետական կրթական կառույցների և մարզպետարանների ներկայացուցիչներ, մարզերի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ:
Օրհնելով կրթության ոլորտի պատասխանատուներին և մշակներին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արարողության ավարտին նրանց հղեց նաև իր հայրապետական պատգամը: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության սկիզբը դրվել է 2010 թվականին:










