Հասարակություն

Արցախի ԱԺ նախագահը կանադական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 30-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ-Շաֆիին և Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենթին ու Ռեյչել Հարդերին:

Արցախի ԱԺ-ից  հայտնում են, որ պատվիրակությանն Արցախում ուղեկցում է ԱՄՆ-ում և Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է Կանադայի հետ կապերը, դրանք համարելով պահանջված Արցախի ու ՀՀ համար՝ հաշվի առնելով այդ երկրում հայկական համայնքի ներկայությունը: Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ այցի շրջանակներում պատվիրակության անդամներին կհաջողի Արցախի անկախ պետականության ու այստեղ ապրող ժողովրդի մասին լիարժեք պատկերացում կազմել:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մաջիդ էլ-Շաֆին նշել է, որ Արցախը ազատության համար պայքարի օրինակ է, և իր կազմակերպության պատրաստակամությունն է հայտնել համագործակցության հաստատման ուղղությամբ:

Կանադայի խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը, ովքեր առաջին անգամ են տարածաշրջանում, կարևոր են համարել Արցախի պատմությանն ու ներկա քաղաքական իրավիճակին ծանոթանալու ու տեղեկություններով իրենց գործընկերների հետ կիսվելու հնարավորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Կանադահայ համայնքի հետ փոխգործության, խորհրդարանական դիվանագիտության և տարածաշրջանում տիրող իրադրության վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, փոխնախագահ Դավիթ Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, Հայ դատի Կանադայի գրասենյակի գործադիր տնօրեն Սևակ Բալյանը:

Կարդացեք նաև

Back to top button