Հասարակություն

14 դպրոց կօպտիմալացվի


Սեպտեմբերի 1-ին ընդառաջ կառավարության որոշմամբ մի շարք դպրոցներ կմիավորվեն:  Ներկայացնելով որոշման նախագիծը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության նիստում հավաստիացրել է, որ բոլոր հարցերը կանոնակարգված են, մեքենաների խնդիրը լուծված: Խոշորացվում են այն դպրոցները, որտեղ  դժվար էր ապահովել կրթական որակ՝ պարզաբանել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Ընդհանուր առմամբ՝ միավորվում են 14 դպրոցներ, որոնցից 3-ը՝ մայրաքաղաքում:

Դպրոցների օպտիմալացումը վերջին օրերի ամենաքննարկվող հարցերից է Հայաստանում: Թեև գործընթացը մեկնարկել է դեռ գարնանից, շատ դպրոցների համար  կառավարության այս որոշումը անակնկալ էր, եւ այն էլ ոչ այնքան հաճելի, ուսումնական տարվան ընդառաջ: Դեռևս մայիսին, Զովաշենի գյուղապետ Սեդրակ Սաֆարյանը, որի ղեկավարած համայնքում գործող հիմնական դպրոցը նախատեսվում էր միացնել Հատիսի միջնակարգ դպրոցին, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել էր, որ այս ծրագիրը ոչ միայն դպրոցի անձնակազմի, այլև ծնողների մոտ է դժգոհության բավականին մեծ ալիք բարձրացրել:

Զրույցը, ինչպես արդեն ասացի, տեղի էր ունեցել գարնանը: Նորից կապ հաստատեցինք Զովաշենի գյուղապետի հետ, այս անգամ արդեն որոշման ընդունումից հետո։ Պարզվում է, չնայած խոսակցություններին, որոշումը միեւնույնն է, անակնկալ էր նաև Սեդրակ Սաֆարյանի համար:

Ամենամեծ խնդիրը, թերևս, երեխաների տեղափոխման հարցն է, հատկապես ձմռան ամիսներին՝ նկատում է զրուցակիցս:

Անդրադառնալով դպրոցների խոշորացմանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ միավորվել են բոլոր այն դպրոցները, որտեղ աշակերտների թիվը շատ փոքր է: Բոլոր հարցերը կանոնակարգված են, մեքենաների խնդիրը լուծված՝ հավաստիացնում է նախարարը:

Դպրոցների խոշորացման խնդիրը, ի դեպ, նաև հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում է: Որակյալ կրթություն մատուցելու համար օպտիմալացումն անխուսափելի է՝ ասում է:

Իրականում խոշորացվել են այն դպրոցները, որտեղ  դժվար էր ապահովել կրթական որակ՝ պարզաբանում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Ընդհանուր առմամբ՝ միավորվում են 14 դպրոցներ, որոնցից 3-ը՝  մայրաքաղաքում: Ինչ վերաբերում է ազատվող շենք- շինություններին, դրանք փորձելու են կրթագիտական նպատակներով օգտագործել՝ խոստանում է ԿԳ նախարարը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ դպրոցների օպտիմալացուը, իհարկե, ճիշտ քայլ է, բայց այն շատ բարդ գործընթաց է, որը ենթադրում է բազմակողմանի քննարկումներ շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Կարդացեք նաև

Back to top button