

Իմ ձեռքում «Փոքրիկ ոստիկանը» խաղ ձեռնարկն է։ Դպրոցահասակ երեխաները սրանով են սովորում ճանապարհային երթևեկության կանոնները: Այս ուսումնական ձեռնարկը դպրոցներին բաժանվեց դեռ նախորդ տարի։ Գրքի հերոսը երեխաներին օգնում է ճիշտ և արագ սովորել երթևեկության կանոնները։ Հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում վառվում է կանաչ, իսկ սխալվելու դեպքում կարմիր լույսը:
Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, ոստիկանության պետի հրամանով սեպտեմբերի 1-ից 30-ը իրականացվելու է «Անվտանգ երթեւեկության միամսյակ» համալիր ծրագիրը եւ կրթօջախների հարակից տարածքներում սահմանելու է ուժեղացված հսկողություն: Անվտանգության միամսյակի ընթացքում դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը։
Նշենք, որ Ճանապարհային ոստիկանությունը Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում 2017 թվականի օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, ինչպես նախկինում, աշխատանքային օրերին, ժամը 8-18-ը, սահմանում են 40 կմ/ժ 60 կմ/ժ-ի փոխարեն:
Եվ այդ հատվածներում լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով: Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը ասում է, որ շատ խիստ են վարվելու այն վարորդների հետ, որոնք ովքեր մեքենան կկայանեն երկրորդ գծում՝ խցանումներ առաջացնելով։




