Հասարակություն

Թուրքիայի նոր հայերն ու ավանդական հայ համայնքը


Թուրքիայի նոր հայերն ու ավանդական հայ համայնքը: Այս երկրում կա հայերի մեկ այլ շերտ ևս՝ ծպտյալ հայերը; Թուրքիայի եռաշերտ, խայտաբղետ հայկական պատկերն ու նրա առանձնահատկություններն է Ստամբուլում, «Ակոս» թերթի հոդվածագիր Սևան Դիրմենճյանի հետ հարցազրույցում փորձել բացահայտել «Ռադիոլուր»-ը:

Համայնքը նախ և առաջ ենթադրում է կազմակերպվածություն: Թուրքիայի ավանդական հայ համայնքը համախմբված է եկեղեցու շուրջ, ունի կրթական ու վարչական կառույցներ, հարյուրամյակների ընթացքում ձևավորված ավանդույթներ: 90-ականներին Հայաստանից Թուրքիա մեկնած մեր հայրենակիցներին Պոլսում այսօր քչերն են դիտարկում որպես հայ համայնքի ներկայացուցիչներ:

Թուրքիայի, այսպես ասած, նոր հայերի շրջանում կազմակերպվածության ու համախմբվածության մասին խոսք անգամ չկա, հետևաբար՝ նրանց իրական թվի մասին տվյալները խիստ իրարամերժ են: Պոլսահայ մտավորական, «Ակոս» թերթի հոդվածագիր Սևան Դիրմենճյանի ունեցած տվյալներով՝ այդ թիվը տատանվում է 20-30 հազարի սահմաններում, սակայն, ըստ նրա, սա էլ վստահելի ցուցանիշ չէ:

Ստամբուլում հայերը կենտրոնացած են հիմնականում Գում Գափու թաղամասում, որտեղ գտնվում է նաև Պոլսո հայոց պատրիարքարանը: Աշխատանքի փնտրտուքի արդյունքում Թուրքիա հասած հայերը զբաղված են հիմնականում սպասարկման ոլորտում: Ստամբուլում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել առևտրական հայի, որն անմիջապես արձագանքում է, երբ հայերեն խոսք է լսում: Սևան Դիրմենճյանն ասում է, որ նրանց շփումն ավելի մեծ է նույն առևտրով զբաղվող թուրքերի, քան՝ ավանդական հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նոր հայերի մասին Թուրքիայում լավ կարծիք ունեն, բայց, ըստ զրուցակցիս, լինում են նաև արդարացի դժգոհություններ:«Օրինակ գողություններ եղան, սպանություններ եղան, սակայն ընդհանրացնելն անկարելի է»:

90-ականներից հետո Թուրքիա մեկնած հայերի մեծ մասն այստեղ օրինական գրանցում չունի: «Գրանցումից խուսափում են  տարբեր պատճառներով : Այս  առումով Սիրիայից Թուրքիա եկած հայերի վիճակն ավելի բարվոք է, նրանք գոնե փախստականի կարգավիճակ ունեն»,- ասում է պոլսահայ մտավորականը:

Նրա տվյալներով՝ Ստամբուլի ավանդական հայկական համայնքի անդամների թիվը տատանվում է 70-80 հազարի սահմաններում։ Այն նվազման միտում ունի, սակայն  զանգվածային արտահոսք պոլսահայերի շրջանում զրուցակիցս չի արձանագրել՝ հակառակ տնտեսական ու քաղաքական խնդիրների պատճառով Թուրքիայում սկսված  արտագաղթի մեծ ալիքին: Թուրքիայում կա հայերի մեկ այլ շերտ՝ ծպտյալ հայերը, որոնց վերաբերյալ թվային տվյալները, թերևս, ամենավիճահարույցն են:

Կարդացեք նաև

Back to top button