

Անկախությունից ի վեր հայ-թուրքմենական հարաբերությունները կրել են բազմաշերտ բնույթ. մինչ օրս էլ երկու երկրների միջեւ կնքվել է ավելի քան 70 պայմանագիր: Անդրադառնալով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ օրերս Հայաստան կատարած այցին՝ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ շեշտել է, որ Ադրբեջան-Թուրքմենստան հակասությունների համատեքստում հայ-թուրքմենական համագործակցությունը կրում է հիմնավոր բնույթ: Նրա դիտարկմամբ՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքմենստանն Ադրբեջանի հետ ունեն լրջագույն խնդիրներ, որոնք քննարկվել են նախագահների փոխայցերի ժամանակ:
Հայաստան-Թուրքմենստան համագործակցությունը մի շատ կարեւոր փուլ է ընդգրկում, ինչը հաճախ փորձագետները շրջանցում են՝ կարծում է Մուշեղ Խուդավերդյանը: Խոսքը Ադրբեջան-Թուրքմենստան լրջագույն հակասությունների մասին է:
«ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ադրբեջանն ու Թուրքմենստանը չեն կարողանում համաձայնության հասնել մի շարք հարցերի շուրջ, որոնց թվում է հատկապես Կասպից ծովում գտնվող Սերդար, Կյապազ, Օմար եւ Օսման կոչվող խոշորագույն նավթահանքերի շահագործման շուրջ վեճը»:
Նշված նավթահանքերն ավելի մոտ են Թուրքմենստանին, քան Ադրբեջանին: Դեռ 2002 թ.-ին Թուրքմենական կողմը նույնիսկ հայտարարել է, որ պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ: Այդ մտքից, սակայն, Թուրքմենստանը ետ կանգնեց այն բանից հետո, երբ հաջորդեց Ռուսաստանի՝ Կասպից Ծովում զորավարժություններ սկսելու քայլը:
Սա դեռ Թուրքմենստանի նախկին նախագահի օրոք: Մուշեղ Խուդավերդյանը հիշեցրեց նաեւ Թուրքմենստանի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված սպառնալիքի մասին:
Ադրբեջանի հետ ունեցած լրջագույն խնդիրները խոսում են այն մասին, որ Հայաստանն ու Թուրքմենստանը շատ մեծ ընդհանուր շահ ունեն՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության՝ եզրահանգեց վերլուծաբանը:
Այդ դեպում, ինչո՞վ բացատրել Թուրքմենստանի չափազանց զգուշավոր չեզոքությունը ԼՂ հակամարտության հետ կապված: Մինչ փորձագետի դիտարկումն այս մասով ներկայացնելը՝ նշենք, որ Թուրքմենստանի նախագահի՝ Հայաստան վերջին այցի ամփոփիչ հայտարարությամբ նախագահները շեշտեցին, որ արտաքին քաղաքականության թեման պատշաճ ուշադրության են արժանացրել:
Թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գնահատմամբ՝ Հայաստանն ու Թուրքմենստանը հաջող համագործակցում են միջազգային հարթակներում եւ իսկապես մոտ կամ համընկնող դիրքորոշումներ ունեն միջազգային կարևորագույն հիմնախնդիրներում: Հետեւաբար՝ համակարծիք են համագործակցությունը տարբեր բազմակողմ ձևաչափերում խորացնելու: ԼՂ հակամարտության առնչությամբ էլ Սերժ Սարգսյանը ասաց հետեւյալը.
«Բանակցությունների ընթացքում իմ կողմից մեկ անգամ ևս վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես՝ նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի և դրա սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը»։
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շեշտեց, որ Թուրքմենստանը կողմ է աշխարհում կայունության ու անվտանգության հաստատմանը եւ շնորհակալություն հայտնեց, որ ՀՀ-ն մշտապես աջակցություն է ցուցաբերում Թուրքմենստանի՝ չեզոքության կարգավիճակին վերաբերող հարցերում:
Դրա համար էլ մենք ճիշտ ենք վարվում, որ շարունակաբար խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ԱԳՆ-ների միջև այդ հարցերի շուրջ: Անհրաժեշտ է դրանք շարունակել՝ եզրափակեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը կարծում է, որ ԼՂ հարցով Թուրքմենստանի զգուշավոր եւ չեզոք դիրքորոշումը պայմանավորված է Իսլամական կոնֆերանսում այդ երկրների համագործակցությամբ: Իսլամական կոնֆերանսը բազմիցս կոչ է արել այդ երկու երկրներին՝ միմյանց հետ գտնել խաղաղ լուծումներ:
Ադրբեջանն էլ, ի պատասխան նավթահանքերի վերաբերյալ Թուրքմենստանի արած սպառնալիքների, հակադարձ կտրուկ հայտարարություններ անել իրեն թույլ չի տալիս Ղարաբաղյան հարց ունենալու պատճառով՝ ասաց փորձագետը:




