

Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում անտեսված է սեփական գյուղի դիրքերի պահպանության ժամանակ 1993 թվականին զոհված Հարություն Հակոբյանի ընտանիքը: Հարություն Հակոբյանը գյուղի կամավորականներից մեկն էր, ով պատերազմի ժամանակ թողնելով քաղաքի կյանքն ու աշխատանքը, մեկնել էր Ջիլ ու բարձրացել դիրքերը: Նա գյուղի առաջին զոհն էր, նրա այրին՝ Կարինե Հակոբյանը, դժվարությամբ է հաղթահարում խնդիրները և տեղի իշխանություններից որևէ աջակցություն չի ստանում:
Սևանի ավազանի հյուսիս-արևելյան մասով ճանապարհ տանում է Ջիլ գյուղ: Առաջին անգամ գյուղ մտնողի համար պարզ է, որ գյուղում բարեկարգման որևէ նշույլ չկա: Ծուռ ու մուռ, քանդված փողոցներով բարձրացա գյուղի առաջին զոհվածի՝ Հարություն Հակոբյանի տուն: Այրին՝ Կարինե Հակոբյանը, խնամում էր փոքրիկ բանջարանոցը՝ ջանք չխնայելով փրկել չորացումից:Ոռոգման ջուր չունեն, միայն խմելու ջուրն է, որը դույլերով կրում է հարևանի տան ծորակից և հոգում կենցաղային ու բանջարանոցային խնդիրները: Այդպես ամեն օր, տարբեր ժամերի ու անհաշվելի: Կարինեի ընտանիքը սոցիալապես անապահով է, առանց պատմելու իր կարգավիճակի մասին, տան շեմից էլ ամեն ինչ նկատելի էր՝ այրված առաստաղ, դրսի երկփեղկանի դռանի մի հատվածին դիֆտ էր ամրացված, մյուսին՝ պոլիէթիլենային թաղանթ: Կարինեի ամուսինը կամավորական էր և զոհվել է գյուղի դիրքերի պաշտպանության ժամանակ՝ 1993թվականի հունիսի 28-ին: Ասում են այդ օրը գյուղում հարսանիք էր, թուրքերն էլ օգտվել են առիթից ու հարձակվել հայակական դիրքերի ուղղությամբ: Առաջին զոհը Հարություն Հակոբյանն էր, երկրորդը՝ Բորիս Կասպարովը:
Առաջին զոհերի մասին բոլորը գիտեն, դա է վկայում նաև 3 տարի առաջ գյուղի կենտրոնում տեղադրված խաչքար- հուշաքարը: Համայնքը պատվում է զոհերի հիշատակը, բայց անտեսում զոհվածի ընտանիքին, հուշաքարի բացմանը չեն հրավիրել Հակոբյան ընտանիքին, իսկ Կասպարովի ընտանիքը վաղուց էր հեռացել գյուղից:
«Բացում, չեմ իմացել, չեն ասել: Մի անգամ էլ պաշտպանության նախկին նախարարն էր եկել՝ Սեյարն Օհանյանը, չգիտեմ քանի ամյակ էին նշում, երևի 20, բոլորին շնորհակալագրեր տվեցին ու էլի ինչ որ բան, ինձ ոչինչ: Ձեռքից բռնեցի ու ասեցի, որ ես էս գյուղի առաջին զոհվածի կինն եմ, ասաց՝ հետո կուղարկեմ: ԷԷԷ, դեռ սպասում եմ, չիմացա ուղարկեց, թե ոչ,- ասաց Կարինեն, իսկ աղջիկը շարունակեց… Գոնե մի թուղթ տան, ասեն՝ շնորհակալ ենք, որ ձեր ամուսինը մեր դիրքերում զոհվել է»:
Կարինե Հակոբյանն ապրում է կրտսեր աղջկա՝ Հասմիկի ու երեք անչափահաս թոռների հետ՝ մեծը 13 տարեկան, փոքրը՝ 5: Հասմիկն էլ է նեղսրտում՝ իր աղջկան դուրս են թողել դպրոցի Վորլդ Վիժն կազմակերպության ծրագրերից: Դժգոհում է, որ հայրենիքի համար զոհվածի ընտանիքն անտեսված է տեղական իշխանության կողմից, ոչ մի աջակցություն չի ստանում:
«Գյուղապետին դիմել ենք, որ օգնություն տրամադրի, ասում է բյուջեում փող չկա, բայց էնքան փողա ստանում»,-ասում է Կարինե Հակոբյանը:
Խնդիրներ շատ կան, հիմա ամենաանհանգստացնող հարցը խմելու ջուրն է: Տարիներ առաջ, 1990-ականներին, երբ նոր էին հաստատվել գյուղում սեփական միջոցներով ջուր էին քաշել: Երկաթե խողովակները կոռոզիայի են ենթարկվել ու քայքայվել: Դիմել է գյուղապետին, բայց միջոցներ չեն ձեռնարկում:
Խմելու ջրի կոռոզիայի ենթարկված խողովակներն ապահով չեն, երբեմն որդեր են հայտնվում ջրի մեջ:
Խնդրի լուծման ինչ տարբերակ ունի գյուղապետարանը: Առավոտվա ժամը 11-ին այնտեղ միայն աշխատակազի քարտուղարն էր համակարգչի դիմաց աշխատում, այդ օրը գյուղապետը գնացել էր Սևան, չէր լինելու, գյուղապետի տեղակալին էլ զանգով կանչեցին: Ջիլի գյուղապետարանում հավանաբար այս կերպ են կազմակերպում աշխատանքները: Համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ծատուրյանն ասաց, որ ջրի պակաս ունեն, խողովակները հին են, քայքայված: Խոտը հավաքելուց հետո պետք է քանդեն, որ տեսնեն ինչ է եղել:
Զոհված Հարություն Հակոբյանի այրին կամքի ուժով հաղթահարում է դժվարությունները, ունեցած ապրուստի միջոցը մի քանի այծն ու ոչխարն է: Սեփականաշնորհված հողերը վերածվել են խոտհարքի, թողել է անասնատերերը քաղեն, մի քիչ էլ իրեն տան, իսկ մշակելու համար միջոցներ չունի: Զոհվածի ընտանիքին աջակցություն ցուցաբերելուց 3 տարի առաջ հրաժարվել է նաև Գեղարքունիքի մարզպետարանը:




