

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այցի շրջանակներում տեղի են ունեցել Թուրքմենստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Այնուհետեւ նախագահները զանգվածային լրատվամիջոցների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Հանգամանալից եւ արգասաբեր կարծիքների փոխանակում: Նախագահները այսպես են գնահատում օրվա բանակցությունները՝ համոզմունք հայտնելով, որ ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն Հայաստանի և Թուրքմենստանի միջև իրապես բարեկամական հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը: Այս այցը նոր խթան է հաղորդում մեր փոխգործակցությանը և բացահայտում է փոխհարաբերությունների զարգացման նոր հնարավորություններն ու հեռանկարը՝ իր խոսքում ասաց Թուրքմենստանի նախագահի Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
«Այսօր մենք շատ մեծ ներուժ ունենք: Դա երկկողմանի ներուժ է: Կարծում եմ, որ մենք այն կարող ենք օգտագործել տարբեր ուղղություններով՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության»:
Թուրքմենաստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան անկասկած առանձնահատուկ նշանակություն է տալիս հայ-թուրքմենական բարեկամական և բազմաշերտ բնույթ ունեցող հարաբերություններին: Այցը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: Ողջունելով թուրքմեն գործընկերոջը՝ նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ դա շատ լավ առիթ է ինչ-որ չափով ամփոփելու արդյունքները, որոնցից իրենք բավարարված են, եւ նախանշելու ապագա աշխատանքը:
« Պարոն Նախագահի հետ մենք հատուկ ուշադրություն հատկացրեցինք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին: Ցավոք, գլոբալ շուկաներում անբարենպաստ իրադրությունն անդրադարձել է նաև մեր առևտրաշրջանառության վրա: Այս համատեքստում մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները և առկա միջոցները: Հուսով ենք, որ այսօրվա պայմանավորվածությունների իրագործումը հնարավորություն կտա շտկել իրավիճակը»:
Նախագահները համակարծիք են, որ տնտեսական համագործակցությունը պետք է հարստացվի համատեղ նախագծերով, կոոպերացիաներով՝ նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հատուկ շեշտադրմամբ:
«Կարծում ենք, որ գործող Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը արդյունավետորեն առաջ կմղի երկկողմ առևտրային կապերի ամբողջ համալիրը, կօժանդակի դրանց հետագա բազմազանեցմանը և նոր, հետաքրքիր ծրագրերի մեկնարկին»:
Տնտեսության, զբոսաշրջության և երկու երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում նախագահները քննարկել են Հայաստանի եւ Թուրքմենստանի մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այս առումով Հայաստանը թուրքմենական կողմին տրամադրում է Հայաստանում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում նախատեսված արտոնությունների ամբողջական փաթեթը՝ տեղեկացրեց մեր երկրի ղեկավարը:
«Իհարկե, մենք անդրադարձել ենք նաև համագործակցության ավանդական ուղղություններին, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Պայմանավորվեցինք հետագայում ևս զարգացնել արդյունավետ փոխգործակցություն այս ոլորտում»:
Նախագահների գնահատմամբ՝ որոշակի հեռանկարներ են բացահայտվում նաև գյուղատնտեսության ոլորտում: Չի բացառվում, որ թուրքմենական կողմը կմասնակցի Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտու գործունեությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առաջ մղել մասշտաբային նախագծեր, որոնց ետևում կանգնած են ժամանակակից արտադրությունը և նոր աշխատատեղերը, ընդհանուր առմամբ՝ ազգային տնտեսությունների զարգացումը:
«Մեր բանակցությունների ժամանակ պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգևորում է, և մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ»:
Արտաքին քաղաքականության թեման նույնպես նախագահները պատշաճ ուշադրության են արժանացրել: Թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գնահատմամբ՝ Հայաստանն ու Թուրքմենստանը հաջող համագործակցում են միջազգային հարթակներում եւ իսկապես մոտ կամ համընկնող դիրքորոշումներ ունեն միջազգային կարևորագույն հիմնախնդիրներում: Հետեւաբար՝ համակարծիք են համագործակցությունը տարբեր բազմակողմ ձևաչափերում խորացնելու:
«Բանակցությունների ընթացքում իմ կողմից մեկ անգամ ևս վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես՝ նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի և դրա սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը»։
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շեշտեց, որ Թուրքմենստանը կողմ է աշխարհում կայունության ու անվտանգության հաստատմանը եւ շնորհակալություն հայտնեց, որ ՀՀ-ն մշտապես աջակցություն է ցուցաբերում Թուրքմենստանի՝ չեզոքության կարգավիճակին վերաբերող հարցերում:
Դրա համար էլ մենք ճիշտ ենք վարվում, որ շարունակաբար խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ԱԳՆ-ների միջև այդ հարցերի շուրջ: Անհրաժեշտ է դրանք շարունակել՝ եզրափակեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:




