

Տեղական ինքնակառավարման մարմիններն ինչ թափանցիկությամբ են աշխատում և ինքան են տեղեկացված քաղաքացիները նրանց գործունեության մասին: Այս կապակցությամբ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպությունը 2016թ-ից սկսած հետազոտություն է անցկացնում բոլոր մարզերի համայնքներում և արդյունքների մասին իրազեկում հանրությանը: Հիմքում Տեղական ինքնակառավարման և տեղակատվության ազատության մասին օրենքնրի կիրառումն է, որը շատ հաճախ շրջանցվում է ՏԻՄ-ի կողմից:
Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գործունեության ընթացքում շատ հաճախ անտեսում են այն, ինչը սահմանված է «Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքներով: Սա ենթադրում է, որ համայնքապետարանները աշխատանքները կազմակերպում են այնպես, ինչպես իրենք են ուզում և քողարկում հասարակությունից: 2016 թ-ից սկսած Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հանրապետության բոլոր մարզերում անցկացնում է մշտադիտարկում համայնքների գործունեության թափանցիկության վերաբերյալ, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային «Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն Արմավիրում ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները: Ակումբի հղած հարցումներին, ոչ բոլոր համայնքներն են ժամանակին պատասխանում կամ չեն պատասխանում:
«Ամենավատ ցուցանիշները քննարկումների ու թափանցիկության տեսակետից ընդհանուր առմամբ ունեն Արագածքտնի ու Արմավիրի մարզի համայնքները, սակայն կան համայնքներ, որոնք ավելի բարեխիղճ են: Տեղեկությունների հարցումների արձագանքը անցած տարվա համեմատությամբ 5 տոկոսից հասել են 8 տոկոսի: Ամենաբարձր ցուցանիշն ունի Լոռու մարզը՝ 70-75 տոկոսանոց արձագանք ունենք»:
Լոռու և Շիրակի մարզերի համայնքները համեմատաբար ավելի թափանցիկ են կազմակերպում աշխատանքները, ինչը պայմանավորված է մարզպետարանների հետևողական աշխատանքով: Համայնքներում ավագանու նիստերի մասին իրազեկում գրեթե չկա, ավագանու անդամները բացակայում են ու չեն մասնակցում նիստերին, որը պետք է գումարվի յուրաքանչյուր ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ: Ուսումնասիրությունը ցույց է տվել , որ ավագանու անդամների բացակայությունը երբեմն պայմանավորված է արտագնա աշխատանքի մեկնմամբ: Այս դեպքում նրանց բացակա չեն դնում, արձանագրություններն էլ պահում են այնքան, մինչև ավագանու անդամները վերադառնում խոպանից և ստորագրում: Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանը հետևելով Արմավիրի քաղաքի ավագանու նիստերին նկատել է, որ անցած ամիսներին գումարվել է 10 նիստ, բայց ավագանու անդամներից Արմեն Շիրվանյանն ունի 10 բացակա, իսկ Նորայր Դարբինյանը՝ 11 բացակա, և ինքն իրեն հարցնում՝ ինչպես:
Ավագանու նիստերի գումարման կամ հետաձգման մասին դարձյալ չի իրազեկվում համայնքապետարանների կողմից: Սուսաննան հանդիպել է ավելի զավեշտալի դեպքերի այս անգամ Արմավիր գյուղում:
«Մեր կենտրոնի երիտասարդներով ցանկացանք մասնակցել Արմավիր գյուղի ավագանու նիստին: Հարցմամբ իրազեկվեցինք, թե երբ է կայանալու: Նշված օրը գնացինք և համայնքապետարանում միայն մեկ աշխատակցի տեսանք: Հասկացանք, որ ավագանու նիստ չի լինելու, քանի որ գյուղում մարդիկ են մահացել և համայնքապետն ու ավագանու անդամները մասնակցում են հուղարկավորություններին: Ավագանու անդամներից մեկի հետ հեռախոսազրույցից տեղեկացանք, որ նա չգիտի նիստի հետաձգման օրը»:
Ժողովրդի ընտրյալները պետք է ժողովրդի հետ լինեն, ունենան նստավայր և լսեն քաղաքացիներին հուզող խնդիրները, ինչը դարձյալ սահմանված է օրենքով, սակայն ավագանու անդմաներից քչերը գիտեն դրա մասին: Լևոն Բարսեղյանը Գյումրի քաղաքի ավագանու անդամ է՝ Գալա կուսակցության խմբակցության ցուցակով: Սեպտեմբերից կունենա իր աշխատանքային սենյակը:
«Օրենքը սահմանում է, որ պետք է ավագանու անդամներին տրամադրի գոնե մեկ սենյակ, որպես ավագանու նստավայր: Մեր ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ համայնքների կեսում ավագանին նստավայր չունի: Ինչու չունի, չգիտեն, չեն հետաքրքրվում, դե, տղերքը բիսետկում հավաքվում են, էլ նստավայրս որն է»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Այս տրամաբանությամբ էլ շրջանցվում են օրենքների այն դրույթները, որոնք պետք է պարզություն մտցնեն ՏԻՄ-ի աշխատանքներում: Օրենքն անտեսողները երբեմն հայտնվում են դատարանի դահլիճում և դատարանի վճռով այն իրականացնում: Լևոն Բարսեղյանը նշեց, որ Արմավիրի մարզից դատարանում հանդիպելու է Ջրաշեն համայնքի ղեկավարի հետ և պահանջելու հարցման պատասխանը:




