

Միջպետական ուղևորափոխադրում կարող են իրականացնել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթած ընկերությունները, որոնք բավարարում են ներկայացված պահանջներին: Պայմանները վերաբերում են ինչպես ավտոմեքենաների թարմ լինելուն, այնպես էլ վարորդների պատշաճ տեսքին և քանակությանը: Թե որն է եղել այսօր առավոտյան Քոբուլեթի մեկնող միկրոավտոբուսի վթարի պատճառը, կպարզեն իրավապահ մարմինները: Հայտնի է միայն , որ ուևորափոխադրողը գրանցված չէ եղել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում:
Ոչ կանոնավոր միջպետական ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններն էլ պայմանագրային հիմունքներով են աշխատում ուղևորների հետ, ուստի նախարարությունը չի կարող ամբողջությամբ վերահսկել այդ ընկերություններին:
Կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողի դեպքում, եթե ուղևորությունը գերազանցում է համապատասխան աշխատանքային ժամը, ապա հերթափոխի համար պահանջվում են 2, նույնիսկ 3 վարորդ:
Որքանով է իրեն արդարացնում «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում կատարված փոփոխությունով պայմանավորված խստացումը՝ հետաքրքրվեցինք ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններից: Ընկերություններից մեկի տնօրենը մեզ հետ զրույցում հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունն իրեն դեռևս չի արդարացնում, քանի որ օրենքը շատ խիստ չի գործում:
Սպառողը նախընտրում է էժան ուղեւորությունը։ Այդ դեպքում՝ կազմակերպությունը չի կարող ապահովել երկու վարորդի աշխատանք։ Քանի որ 1 վարորդը չի կարող մեքենան երկար ժամանակ անքուն վարել, հնարավոր են նաև նման փորձանքներ՝ ասաց զրուցակիցս:




