Հասարակություն

«Սանիթեք»-ը պետք է աղբահանություն իրականացնի, այլ ոչ թե ով որտեղ ուզի աղբ թափի, «Սանիթեք»-ն էլ հետևից հավաքի

Երևանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը երեկ  Ծաղկաձորում  լրագրողների հետ ճեպազրույցում  անդրադարձել է վերջին  օրերին  մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող  «Սանիթեք» ընկերության  աշխատակիցների հետ կապված միջադեպերին: Հիշեցնենք, որ օրերս ծեծկռտուք էր տեղի ունեցել  «Սանիթեք»-ի աշխատակիցների մասնակցությամբ, արդյունքում մեկ քաղաքացի  մահացել էր:  Մամուլի հրապարակումների համաձայն, ի դեպ,   տվյալ տարածքի սեփականատերը փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն է և վարձակալության հիմունքներով այդ տարածքը տվել է «Սանիթեք»-ին:  Հարցին, թե  ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու,  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել է.

«Գիտեք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է և միջազգային ներդրում, որը մրցույթի արդյունքում շահող է դարձել Երևանի սանմաքրման աշխատանքների իրականացման ծառայությունը մատուցելու համար: Ես գնահատական չեմ հնչեցնի: «Սանիթեք»-ը գործում ու իր ծառայությունն է մատուցում Երևանին: Ինչ վերաբերում է կենցաղային վեճերին ու ձեր նշած մահվան դեպքին, իրավապահները պետք է գնահատականներ տան:  Մենք մեր գնահատականները նրա աշխատանքին ամեն տարեվերջին տալիս ենք»

Երևանի քաղաքապետն անդրադարձել  է նաև  երևանցիների՝  «Սանիթեք» ընկերության աշխատանքից  դժգոհություններին»

«Մասնավոր ընկերություն է, մասնավոր տարածքի մասին է խոսքը: Հորդորել ենք, որ հոտն ու աղմուկը վերացնեն, որ բնակիչներին անհարմարավետություն չստեղծեն: Ինչ մնում է այդ գործարքին, ապա այն երկու մասնավոր ընկերությունների և սեփականատերերի միջև է կնքված: Դա ոչ պետության, ոչ համայնքի միջև կնքված չէ, մենք այստեղ անելիք չունենք: Մենք նաև մեր բնակիչներին պետք է հորդորենք, որ աղբը սահմանված վայրում թափեն: Ըստ գրաֆիկի`«Սանիթեք»-ը մաքրման աշխատանքներ իրականցնում է: Ըստ պայմանագրի` մենք ունենք այն լծակները, որ կկարողանանք նրանց կարգի հրավիրել, որ իրենց ծառայությունը նորմալ կատարեն: Բայց ըստ պայմանագրի` հատկացված վայրերից «Սանիթեք»-ը  պետք է աղբահանություն կատարի, այլ ոչ թե ով որտեղ ուզի աղբ թափի, «Սանիթեք»-ն էլ հետևից հավաքի»:

Կարդացեք նաև

Back to top button