Հասարակություն

Հայկական գինու հաղթարշավը շարունակվելու է


Սեպտեմբերից  կմեկնարկի «Հայաստանի տնկարկների կադաստրի» ստեղծման ծրագիրը: Այն` ըստ  Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի, հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի բոլոր տնկարկներն ու  առկա սորտերը, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը:  Նախաձեռնությունը դրական է գնահատում նաև Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը: Նա այսօր  խոսել է գինեգործության զարգացման հեռանկարներից ու   կարևորել արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը:

Հայաստանում գինեգործության  ու կոնյակագործության ոլորտներն աստիճանաբար, բայց  դուրս են  գալիս ճգնաժամից:  Սա փաստում է պաշտոնական վիճակագրությունը:   Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի տեղեկացմամբ՝  գինու արտադրության ծավալների կիսամյակային ցուցանիշերով  ճգնաժամը հաղթահարված է:

«1,5 անգամ   գինու  արտադրության  ծավալներն են ավելացել, մոտ 7 տոկոս աճ կա կոնյակի: Օղու արտադրության ծավալները 10 տոկոսով նվազել են»:

Հայկական  գինու և կոնյակի արտահանման  հիմնական շուկան շարունակում է մնալ ՌԴ-ն: Այստեղ էլ  ռուսական  ռուբլին  է աժեզրկվում, ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները նույնպես կունենան իրենց ազդեցությունը: Ավագ Հարությունյանի փոխանցմամբ՝  պատժամիջոցների խորացումը ՌԴ-ին ստիպում են հնարավորինս արագ անցում կատարել ռուսական կոնյակի, գինու և օղու վաճառքին: Սա նախատեսվում էր 2025թ: Գործընթացն, ըստ գինեգործի,  արագացել է:

Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը գինու և կոնյակի շուկայի վրա որևէ ազդեցություն չունեցավ՝ ոչ դրական, ոչ բացասական:  Հայկական կոնյակի դասական շուկաները ԱՊՀ երկրներն են, իսկ սպառման ամենամեծ ծավալները ՌԴ-ում են:  Ավագ Հարությունյանը շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունն է ընդգծում:  Սա նաև գյուղատնտեսության նախարարությունում են կարևորում: Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նույնպես նշում է՝ հիմնական շուկան ՌԴ-ն է:

Հայկական գինու որակը  գնահատում են նաև  մեր երկիր այցելող զբոսաշրջիկները՝

«Այս գինին շատ  համեղ է, ես գինու մասնագետ չեմ, բայց հայկական գինի շատ համեղ է: Սա հրաշալի գինի է»:

Եվրոպացիները, ու ոչ միայն, հայկական գինին համտեսեցին ու գնահատեցին նաև Հայաստանի սահմաններից դուրս: Հայ գինեգործները հայկական գինու որակով  գրավեցին   Եվրոպայում  հայտնի   գերմանական «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» միջազգային մրցույթի հարթակը:   Մեկնեցին  19  գինեգործական ընկերություններ, վերադարձան՝ 23 մեդալով՝ 10 ոսկի և 13 արծաթ:  Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը վստահեցնում է՝ հաղթարշավը շարունակվելու է: Այս պահին ամենակարևորը հումքի ապահովումն է: Նախ, սակայն, պետք է պարզել, թե ինչ ունենք.

«Մեր նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղադրվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ և մթերմամբ զբաղվող բոլոր շահառու կողմերի վերաբերյալ»:

Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից: Սռաջիկայում  հայկական գինեգործական  15  ընկերություններ  միասնական տաղավարով հայկական արտադրանքը   կներկայացնեն  Չինաստանում և Գերմանիայում:

 

Կարդացեք նաև

Back to top button