
Ինչպես հայտնի է` Ադրբեջանում արգելափակվել է Հայաստանի հանրային ռադիոյի www.armradio.am կայքը։ Սակայն կայքի արգելափակման գործողությունն ինքնին անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանում www.armradio.am կայքից հնարավոր է օգտվել անոնիմայզերների, VPN- սերվիսների օգնությամբ։ Ընթերցողները կարող են օգտվել այդ ծառայություններից` շարունակելով ազատորեն տեղեկանալ Հայաստանում և Արցախում իրադարձությունների մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայքի արգելափակումը շրջանցող մի քանի տարբերակներ:
Կայքեր
Կայքերի արգելափակումը շրջանցելու ամենահարմարավետ տարբերակը անվճար Proxy սերվերներից օգտվելն է, որը չի պահանջում հավելյալ ծրագրերի ներբեռնում և կարգավորումներ: Այդ սերվերները կառուցված են սովորական կայքի տեսքով, օգտատերը համապատասխան տեղում հավաքում է արգելափակված կայքի հասցեն, օրինակ, www.armradio.am: Այդպիսի անվճար սերվերներից են Hideme, Ninjacloak, ProxFree, Proxyweb, Hide My Ass, Proxfree.com, Stealthy.co: Սակայն այս սերվերների թերությունն այն է, որ արգելափակված կայքերը կարող են դանդաղ բեռնվել կամ էլ ամբողջությամբ չարտացոլել կայքը, օրինակ որոշ նկարներ կամ տեսանյութեր:
Բրաուզերներ
Opera: Հայտնի այդ բրաուզերում առկա է ներդրված VPN, որը թույլ է տալիս այցելել արգելափակված կայք որևէ այլ երկրի IP հասցեով: Ծառայությունը անվճար է, իսկ տրաֆիկը` անսահմանափակ: Բրաուզերի «Անվտանգություն» բաժնում ակտիվացնելով VPN-ը` համոզված եղեք, որ ներբեռնված է բրաուզերի թարմացված տարբերակը: Իսկ ահա Tor բրաուզերն օգտագործում է կոդավորման մի քանի շերտ և այդպիսով ամբողջությամբ թաքցնում է մարդու մասին տվյալները: Բրաուզերում պարբերական փոխվում է օգտատերի IP հասցեն, հետևաբար արգելափակված կայքերին ազատ մուտքը մշտապես բաց է մնում:
VPN
Այս ծառայությունները ավելի լավ են կոդավորում օգտատերի տվյալները և լիարժեք բեռնում արգելփակված կայքերը, սակայն VPN ծառայությունները հաճախ վճարովի են: Այդպիսի ծառայություններից են Zenmate-ը, TunnelBear-ը:
Բջջային հավելվածներ
Ի հավելումն վերոնշյալ բրաուզերների, արժե օգտվել նաև Orbot-ի ծառայություններից: Սա բջջային հավելված է, որից կարելի է օգտվել սմարթֆոնների ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերում:
Արգելափակված կայքերը շրջանցելու տարբերակները այս ամենով չեն սահմանափակվում: Այլ կայքերի և ծառայությունների մասին կարելի է տեղեկանալ համացանցի որոնողական համակարգերով:




