

«Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի հրդեհը ցույց տվեց, որ մենք անպատրաստ ենք նման աղետները դիմակայելու: Ինչո՞ւ ենք այդքան անպատրաստ՝ բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով թեմային, շեշտել է, որ այս հարցն է անհանգստացնողը: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ մենք չունենք այն ավիացիան, որն անհրաժեշտ է այս պարագայում՝ նշել է Կարինե Դանիելյանը՝ հիշեցնելով, որ խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել է բավականին տարբեր նշանակության փոքր ավիացիա: Հրդեհի պատճառած կորուստների մասին խոսելը թեպետ վաղ է համարվում, սակայն, բնապահպանները համոզված են, որ անդառնալի կորուսները զգալի են լինելու:
«Ի՞նչ եղավ մեր փոքր ավիացիան, ինչո՞ւ մենք դա չենք օգտագործում նույն անտառպաշտպանության համար, գյուղատնտեսության մեջ, լիարժեք պատասխան չեմ ստացել»:
Վերջին հրդեհներն էլ ցույց տվեցին, որ այստեղ ակնհայտ բաց ունենք, շատ անելիք կա, նաեւ՝ էկոլոգիական մշակույթը զարգացնելու համար՝ հավելեց բնապահպանը:
Անդրադառնալով Խոսրովի անտառ արգելոցում հրդեհի պատճառած վնասներին՝ բնապահպան Կարինե Դանիելյանն ասաց, որ բավականին ժամանակ կպահանջվի՝ հասկանալու բուսական եւ կենդանական աշխարհին պատճառած վնասների իրական ծավալը:
«Տեղեկություն եղավ, որ գիհիներն են այրվել: Եթե լրիվ են այրվել, Աստված մի արասցե, որ այդպես լինի, վերականգնումը շատ-շատ դժվար կլինի: Չեմ կարծում, որ էդպես լինի: Իսկ բուսատեսակների կորուստները ավելի կարճ ժամանակում կարելի է գնահատել»:
Կա՞ն անդառնալի կորուսներ, թե՞ ոչ, դեռ վաղ է ասել: Կարինե Դանիելյանի խոսքով, սակայն, եթե Կարմիր գրքում գրանցված տեսակների կորուստ արձանագրվի, որոնք միայն Խոսրովի անտառում են աճում կամ ապրում, ապա՝ դա կնշանակի այդ տեսակների վերջնական ոչնչացում:
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը այրված տարածքների վերականգնումն ընդհանրապես երազանք է համարում:
«Վերականգնման մասին հնարավոր չէ մտածել, այդ գոտում հարյուրավոր յուրահատուկ բուսատեսակներ կային, էնդեմիկ ծառեր: Կենդանական ու բուսական աշխարհի համակեցությունը վերականգնել հնարավոր չէ»:
Բնապահպանության նախարարության աշխատակիցներն ու փորձագետներն այսօր նույնպես շարունակել են աշխատել Խոսրովի արգելոցում: Գերատեսչության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը տեղեկացրել է, որ անտառի բնակիչներին հրդեհը վնասել է մասամբ: Այս մասին մեզ հետ զրույցում փոխանցեց Բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը:
Ինչպես հայտնեց Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արամ Աղասյանը՝ անտառի բնակիչներին հրդեհը մասամբ է վնասել. խոշոր կաթնասունները կարողացել են փախչել եւ ապաստանել արգելոցի ապահով հատվածներում։ Հիմնականում վնասվել են սողունները, կրծողներն ու միջատները:
Վնասի վերջնական հստակ հաշվարկներ այս պահին չկան: Դրանք կլինեն առաջիկայում նախատեսվող վերջնական քարտեզագրումից ու չափագրումից հետո՝ ասաց Մարինե Կարապետյանը:
Բնապահպան Հակոբ Սանասարյանի խոսքով՝ կենդանիների կորուստը պարզ կդառնա կենդանիների դիերի քանակի ի հայտ գալուց հետո: Կանաչների միության նախագահը, մինչդեռ, կարծում է, որ լինելու է նաեւ հրդեհից փրկված կենդանիների միգրացիա, ինչը նույնպես կորուստ է:




