
Անի Մինասյան
«Ռադիոլուր»
«Բազեն» արդեն 15 տարեկան է: 15-ամյա պատանին այս տարիների ընթացքում համախմբել է ավելի քան 8500 երիտասարդի՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից ու Ջավախքից: «Բազե»-ն այս տարի կճախրի օգոստոսի 21-27-ը՝ Ծաղկաձորում: Բազեականներին կազմակերպիչները խոստանում են հետաքրքիր անակնկալներով լի թեժ շաբաթ: Այս տարի հավաքին կմասնակցի 405 երիտասարդ:
Համահայկական երիտասարդական հավաքը 15 տարիների ընթացքում Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ու Ջավախքի ավելի քան 8500 երիտասարդի է համախմբել հայրենիքում՝ եռագույնի ներքո: «Բազե» երիտասարդական հավաքն այս տարի տոնում է իր 15-ամյակը:Հոբելյանական տարին պետք է տարբերվի, նշում են կազմակերպիչները: Այս անգամ հավաքի հենց առաջին օրը մասնակիցները կհյուրընկալեն Հայաստանի վարչապետին և կներկայացնեն իրենց պատրաստած տեսանյութերը: Սա այս տարվա հավաքի նորություններից է, ասում է «Բազե-2017»-ի գեղարվեստական ղեկավար Գրիգոր Դանիելյանը:
Սպորտային բոլոր միջոցառումները կազմակերպվել են ֆեդերացիանների հետ համագործակցության արդյունքում, ասում է «Բազե-2017»-ի սպորտային միջոցառումների պատասխանատու Գրիգորի Ամբարյանը: Փորձել են առավելագույնս պահպանել գենդերային հավասարությունը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանի խոսքով՝ «Բազեի» տարիքը գալիս է ապացուցելու, որ այն շարունակում է հետաքրքրել երիտասարդին: Բազեն ուժեղ, կայացած, խելացի երիտասարդի խորհրդանիշն է:
Հավաքի նպատակը այս տարիների ընթացքում չի փոխվել՝ բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի։
Քանի որ տարին հոբելյանական է, բացառություն են արել. այս անգամ թույլ է տրվում նախկինում հավաքին մասնակցած երիտասարդին կրկին մասնակցել «Բազեին»:
Արուսյակ Պողոսյանն ասում է, որ նախանձախնդիր են ժյուրիի ընտրության հարցում և մրցույթների արդար անցակցումն իրենց համար առանցքային հարց է: Այս տարի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կմիավորի 405 մասնակցի: Այն կանցկացվի օգոստոսի 21-27-ը՝ Ծաղկաձորում։




