

Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի նախօրեին Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում նշվում է սուրբ Կարապետի ուխտի օրը: Տեղերցիներն առատ սեղան են բացում ուխտավորների առաջ և մատաղ մատուցում: Իսկ վաղը Տեղերի սուրբ Աստվածածին վանաքում կնշվի տիրամոր վերափոխման տոնն ու խաղողօրհնեքի կարգ կկատարվի

«Սուրբ Կարապետի մատուռը փոքր քոլիկ էր, մոմ էինք վառում: Մի օր մտա, տեսնեմ հորթերը մտել ու կեղտոտել էին շուշպեքը: Կանգնեցի ու աստված կանչեցի, որ հնարավորություն տա՝ ես մատուռը սարքեմ»:
Հնարավորությունն ընձեռվել է կարճ ժամանակ անց՝ վիճակախաղի տոմսով շահելով 1 մլն. դրամ, ինչն էլ ներդրել է մատուռի վերակառուցման գործին: Տիկին Գյուլվարդն ասում է, որ աստվածահաճո գործի համար շինարարները հրաժարվել են վարձատրությունից:
Հայրական տան բակի սուրբ Կարապետ մատուռում մկրտվել է նաև նրա թոռը: Դղերի ուխտավորները շաբաթ օրը մասնակցում են Սուրբ Կարապետի ուխտին, կիրակի օրը Սուրբ Աստվածածին վանքում՝ Աստվածածնի վերափոխման և խողողօրհնեքի տոնին: Տեղերի վանքի ուխտավորները հավատքով և հրաշքի սպասումով են մտնում եկեղեցի:
Բյուրականի հոգևոր հովվության հովիվ տեր Մամբրե քահանա Պատուրյանի հանդիսապետությամբ ամսվա 2 կիրակի օրը պատարագ է մատուցավում Տեղերի վանքում: Հոգևոր հովիվն ասում է, որ եկեղեցին հրաշագործ ուժ ունի:

«Զորավոր եկեղեցի է, այստեղ նրանք, ովքեր մայրանալու խնդիր ունեն, ճշմարիտ խոնարհ աղոթքով, սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ արժանանում են մայրության բերկրանքին»:
Չնայած հեռավորությանը, Տեղերի վանական համալիրում հաճախակի պսակադրություն է կատարվում, նորապսակները պտղաբերության օրհնությունը միաժամանակ են ստանում:
Տեղերի վանական համալիրը կանգուն է դեռ 13-րդ դարից, կառուցվել է Մամախաթուն Վաչուտյան իշխանուհու կողմից: Սա Վաչուտյանների կառուցած վերջին 7-րդ եկեղեցին է, որին տրվել է Տեղեր անունը:
Վերջին տարիներին եկեղեցում բարեզարդման աշխատանքներ են կատարվել, սակայն շինության հիմքերը թուլանում են և այն վերանորոգման կարիք ունի:
Տեղերի սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ է գտնվում նաև սուրբ Հովհաննես մատուռն ու 7-րդ դարին թվագրված սուրբ Վրթանես սրբավայրի ավերակները:




