

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ, չնայած երկու երկրների միջև վատթարացող հարաբերություններին ՝ այս վստահեցումը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայությունների հետ զրույցում արել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Քաղաքական գործիչները կարող են բախվել, բայց մենք կատարում ենք մեր աշխատանքը ձեռք ձեռքի տված՝ ասել էր ամերիկացի համանախագահը, նաև նկատել, որ արտգործնախարարների առաջիկա հանդիպումից մեծ սպասելիքներ կան: Կիսո՞ւմ են արդյոք այս լավատեսությունը հայ փորձագետները, ի՞նչ են ակնկալում առաջիկա հանդիպումից և ընդհանրապես՝ ինչպես են բնորոշում գործընթացի ներկա փուլը:
«Մի քանի պատճառներով: Մինսկի գործընթացն , ըստ էության, բացառիկ ձևաչափ է: Մեկ այլ նման ձևաչափ, որը շարունակի աշխատել Ռուսաստանի և արևմուտքի, այսպես ասենք, բարդ հարաբերությունների տարբեր շրջափուլերում, ես չեմ հիշում: Սա արդեն ավանդույթներ, մշակույթ ձևավորած ձևաչափ է: Մյուս կողմից էլ՝ մենք Մերձավոր Արևելք կամ Ուկարինա չենք, որ անկախ ամեն ինչից կողմերի հակասությունները գլուխ բարձրացնեն: Կողմերի առաջնահերթություններն ու շահերն այս հարցում դեռևս համադրելի են ու որևէ կողմից այս հնարավորությունը կորցնելու, այս գործիքից հրաժարվելու ցանկություն կարծես թե չկա»:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նույնպես կարծում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը ԼՂ հարցում սուր բախման մեջ չեն և առայժմ համադրելի են , երկուսն էլ շահագրգռված են, որ խնդիրը չմտնի տաք գործողությունների փուլ: Վերլուծաբանը ենթարդրում է, որ բանակցային գործընթացում առաջիկայում առավել ակտիվ եւ նախաձեռնող կփորձի լինել ԱՄՆ-ն: Նախաձեռնությունը սեփական ձեռքում պահելու պայքարը հատկապես նկատելի է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Որպես կանոն կողմերից մեկի ակտիվացմանը հաջորդում է մյուսի պատասխան քայլը:
Միջնորդները մեծ ակնկալիքներ ունեն առաջիկայում Նյու Յորքում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, որին աշնանը կարող են հետևել բանակցություններ՝ արդեն նախագահների մակարդակով՝ Ամերիկայի ձայնին ասել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Իսկ ի՞նչ նոր առաջարկներ ունեն հարցին, հետևյալ պատասխանն էր տվել:
«Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն կան նաև դրան հասնելու քայլեր և փուլեր և ես հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն, և նույնիսկ եթե վերջնական կարգավորման հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»:
Ալեքսանդր Իսկանդարյանը ասում է՝ համանախագահները հայտարարում են լուրջ սպասելիքների մասին, բայց որ իրականում բեկումնային քայլերի ակնկալիք ունեն, դժվար է հավատալ:
«Քաղաքական գործիչները մարգարեներ չեն, ու նրանց շուրթերից միշտ չէ, որ ճշմարտությունն է հնչում: Շատ հաճախ այդ հայտարարություններն արվում են, որ գործիքը շարունակի աշխատել: Այս փուլում իրական ակնկալիքը ՄԽ-ից մեկն է՝ բռնության գործադրումը կանխելը, նոր լարվածություն թույլ չտալը: Հակամարտության կարգավորմամբ ՄԽ-ը վաղուց, առնվազն Կազանից հետո չի զբաղվում: Խնդիրն այս փուլում ստատուս քվոն պահպանելն է, հանդիպումները ծառայում են այդ նպատակին ու սա իհարկե լավ է»:
Ամերիկացի համանախագն ասել էր, որ կողմերի համար եկել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի ժամանակը, նաև հավելել՝ խնդրի կարգավորման հիմնաքարը փոխզիջումներ գտնելն է, որոնք կապառազմականացնեին իրավիճակը:




